Մայիսի 16-25-ին Կաննում մեկնարկում է 65-րդ կինոփառատոնը: Շուրջ 10 օր աշխարհի ուշադրությունը կսեւեռվի այդ փառատոնին, որին մասնակցելու հայտերը տարեց-տարի շատանում են: Հայաստանը արդեն չորրորդ անգամ մասնակցում է այդ կինոփառատոնինՙ սեփական արտադրության ֆիլմեր ներկայացնելով կինոշուկայում: Այս տարի Կանն կմեկնի Հայաստանի կինոկենտրոնի պատվիրակությունըՙ կենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ: Տեղեկացնենք, որ այս տարի Հայաստանի ազգային եւ Ֆրանսիայի կինոկենտրոնների միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Կաննում հայկական տաղավարը բաց կլինի մայիսի 16-25-ը, որում իրենց ծրագրերը կներկայացնեն պատվիրակության անդամները: Ծրագրերում ընդգրկված են արտադրական փուլում գտնվող եւ անավարտ ֆիլմեր, որոնք օտարերկրյա պրոդյուսերական եւ դիստրիբյուտորական ընկերություններին կարող են հետաքրքրել, տեղեկացրեց ՀԱԿԿ-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը :
Այս առիթով կրկին հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնին այս տարի մասնակցում է հայազգի դերասանուհի եւ կինոգործիչ Նորա Արմանինՙ Moving Stories ֆիլմով, կարճամետրաժների անվանակարգում:
Մ. Մ.