Այդ մասին, վկայակոչելով վստահելի աղբյուրներից ունեցած տեղեկությունները, հաղորդում է Բաքվի «Պոլիգոն» վերլուծական կայքը: Շքերթին կմասնակցի շուրջ 300 հոգի: «Նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին», գրում է «Պոլիգոնը» եւ ավելացնում, որ այդ նպատակով Կասպյան պետական նավագնացությունը «հատկացրել է նավ»: Միասեռականները դուրս կգան բաց ծով, եւ նավի տախտակամածին էլ տեղի կունենա նրանց շքերթը:
Ինչպես հայտնի է, «Եվրոտեսիլի» օրերին Բաքվում միասեռականների շքերթ անցկացնելու մասին լուրերը խիստ մեծ դժգոհություններ են առաջացրել հարեւան Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիների շրջապատում: Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց անցկացվել են բողոքի հզոր ցույցեր: Ադրբեջանական կողմը դրանց հակադարձել է Բաքվում Իրանի դեսպանության մոտ կազմակերպված սակավամարդ բողոքներով, որոնց մասնակցել են պետական կառույցների ներկայացուցիչներ: Այդպիսի ցույցերից մեկը գլխավորել է Միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին, որ անձամբ էլ հնչեցրել է «Ադրբեջանը կմիավորվի, եւ մայրաքաղաք կդառնա Թավրիզը» կարգախոսը: Հակաիրանական ակցիաների ընթացքում ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է Բաքվում միասեռականների շքերթի մասին լուրերը, դրանք որակել «ստահոդ»:
Այժմ պարզվում է, որ միասեռականները «ծովային զբոսանքի» ձեւով են կազմակերպում իրենց շքերթը:
Վ. Ա.