Մինչդեռ ֆուտբոլի ֆեդերացիայում այդ մասին չգիտեն
«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը նախօրեին հայտարարություն էր տարածել. «Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է ոչնչացնել Նորագավիթի մոտ 15.000 մրգատու ծառերի եւ խաղողի այգիները, որպեսզի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզադաշտ կառուցի»: Երեկ բնապահպաններն ու Նորագավիթի թաղամասի 38 բնակիչ դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրանց ներկայացմամբՙ այս տարվա ապրիլին մի խումբ անձինք մտել են պետությունից վարձակալական հիմունքներով բնակչությանը տրամադրված հողատարածք, տեղեկացրել, որ ներկայացնում են քաղաքապետարանի շահերն, ու հավելել, որ հողերը այլեւս նրանց չեն պատկանում: Բնակիչները պատմում են, որ քաղաքային իշխանությունները նրանց խոստացել էին պատասխանել իրենց հուզող հարցերին, սակայն պատասխան այդպես էլ չի եղել: «Հաջորդ օրը Արտաշատի խճուղու մայթեզրին, մարդկանցից, գուցե համոզելով կամ հորդորելով, 70 հա հողատարածք են վերցրել»: Նրանց ներկայացմամբՙ 12 հա հողատարածքը պետք է հատկացվի ֆուտբոլի ֆեդերացիայինՙ մարզադաշտ կառուցելու համար: Բնակիչները պատմում են, որ տարածքում տնկված են մոտ 15.000 պտղատու ծառեր եւ խաղողի այգիներ: Այն գյուղատնտեսության համար բարձր որակի հողատարածք է համարվում, եւ այգու ոչնչացումը թթվածնային մեծ աղետ կլինի Նորագավիթի եւ շրջակա միջավայրի համար: «Վերոնշյալ տարածքի հարեւանությամբ 10 հա հողատարածքում էլ նախատեսվում է ավտոկայանատեղի կառուցել, ինչի հետեւանքով խաղողի վազեր եւ պտղատու ծառեր կկտրվեն»:
«Էկոլուր»-ի փոխանցմամբՙ Նորագավիթի հարեւանությամբ են գործում «Նաիրիտ», «Մաքուր երկաթ», «Արմենիան տիտանիում փրոդաքշն», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ձեռնարկությունները, որոնք տոքսիկ գազեր են արտանետում մթնոլորտ: Արտանետումները ռիսկեր են պարունակում տեղի բնակչության առողջության համար եւ շրջակա միջավայրի համար: Բնապահպանները վստահ ենՙ եթե նախագիծն իրականացվի, ապա մարդիկ կմնան առանց կանաչ գոտու պաշտպանության:
Երեկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Նորագավիթ թաղամասում, Արտաշատի խճուղուն հարակից տարածքում մարզադաշտ կառուցելու նպատակով քաղաքապետի որոշմամբ ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրվել է 10.0 հա մակերեսով հողամաս:
«Հայտնում ենք նաեւ, որ հատկացված տարածքի կառուցապատման, բարեկարգման եւ կանաչապատման հետ կապված խնդիրները կարող են հստակեցվել միայն մարզադաշտերի եւ սպասարկման համար անհրաժեշտ օբյեկտների նախագծային աշխատանքների ավարտից հետո, եւ որեւէ այլ նպատակի համար այդ տարածքում ծառահատումների հարց առ այսօր չի քննարկվել», քաղաքապետարանից այսպես պատասխանեցին «Ազգ»-ի հարցին:
Մինչդեռ մեզ հետ զրույցում ֆուտբոլի ֆեդերացիայից Արայիկ Մանուկյանը նախ ասաց, որ մինչ հարց տալը պետք է փաստաթուղթ ցույց տանք, որ քաղաքապետարանը ֆեդերացիային մարզադաշտի համար տարածք է տրամադրել: Երբ երկրորդ անգամ տեղեկացրինք, որ զանգել ենք ճշտելու ստացված տեղեկատվությունը, Մանուկյանն ասաց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն. «Մենք տեղյակ չենք, չգիտենք, որ քաղաքապետարանը ֆեդերացիային տարածք է տրամադրելու մարզադաշատ կառուցելու համար, հետեւաբար, երբ մենք էլ իմանանք այդ մասին, արդեն կհստակեցվեն, թե ինչ աշխատանքներ ենք կատարելու»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ