«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ ՀԵՏ

Լիբանանահայ հայտնի խմբագիր, մատենագետ եւ բանասեր Ժիրայր Դանիելյանը եւ բանաստեղծ, հրապարակախոս Սարգիս Կիրակոսյանը Հայաստան էին եկել գրողների միության VI համաժողովին մասնակցելու: Համաժողովի ավարտից հետո նրանք այցելեցին անվանի գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին: Սփյուռքահայ իր բարեկամ գրողների այցը անակնկալ էր ու շատ ոգեւորեց Պերճ Զեյթունցյանին: Ջերմ ու մտերմիկ զրույցը ընթացավ հայ գրականության արդի վիճակի, դժվարությունների ու դրանց լուծման շուրջը: Պ. Զեյթունցյանը հետաքրքրվեց, թե Լիբանանում ինչպիսին է քաղաքական, տնտեսական իրավիճակըՙ հատկապես Սիրիայի դեպքերի հետ կապված: Դանիելյանն ու Կիրակոսյանը ներկայացրին իրավիճակը եւ նշեցին, որ Սիրիայում կատարվող իրադարձությունները բավականին դժվար կացության առաջ են կանգնեցրել նաեւ տեղի եւ հարեւան երկրների հայությանը: Իհարկե, խոսք գնաց նաեւ հայկական դպրոցների, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի եւ հարակից հարցերի շուրջը:

Պրն Դանիելյանը Պերճ Զեյթունցյանին հանձնեց Լիբանանում հրատարակվող «Կամար» ամսագիրը, որի էջերում տպագրվել է Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսը: Գրողները հետաքրքրական քննարկում անցկացրին այդ պիեսի սյուժեի շուրջը, որը պատմում էր, թե ինչպես 100 տարի անց Երեւանում հանդիպում են հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից, Թուրքիայի ծովային նախարար Ջեմալ փաշայի թոռըՙ Ջեմալը եւ 1922 թ. հուլիսի 27-ին Թիֆլիսում Ջեմալ փաշային գնդակահարած Արտաշես Գեւորգյանի թոռը: (Ավելացնենք, որ նույն գործողության ընթացքում Ջեմալ փաշայի վրա կրակել է նաեւ Պետրոս Տեր-Պողոսյանը - Մ. Մ.): Պիեսում մանրամասնորեն ներկայացված է, թե ինչպես 100 տարի հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ Ջեմալի թոռը ծաղիկներ է դնում ու հարգում անմեղ զոհերի հիշատակը: Իսկ հետո երեւանյան սրճարաններից մեկում երկու պապերի թոռների մեջ ընթանում է բարդ ու հոգեբանական ծանր երկխոսություն:

Հենց այդ հարցերի շուրջը շարունակվող քննարկումների ընթացքում Պ. Զեյթունցյանը տեղեկացրեց, որ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ընթանում են «100 տարի անց» պիեսի բեմադրության աշխատանքները, որոնք ստանձնել է մայր թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը: Զրույցի ընթացքում Պերճ Զեյթունցյանը հատուկ «Կամարի» համար խոստացավ գրել նոր հոդված: Հյուրերը մի քանի ժամ հյուրընկալվեցին ու հյուրասիրվեցին տիկին Լիլիի համադամ ուտեստներից, հիշեցին ուսանողության տարիները, գրական ընտանիքի կարկառուն դեմքերին ու անդրադարձան նրանց թողած գրականագիտական արժեքավոր գանձարանին: Պրն Զեյթունցյանը մեկիկ-մեկիկ ցույց էր տալիս ճաշասենյակի պատերին փակցված կտավները ու դրանց մասին հետաքրքրական հուշեր պատմում:

Գրականության, արվեստի ու սիրով լեցուն այդ մթնոլորտում ես հպարտ էի, որ այդ ժամերը անցկացրի նրանց հետ, իսկ լսածս ու տեսածս դարձան անմոռանալի հուշեր: Հրաժեշտից առաջ գրչընկերները լուսանկարվեցին ու իրար ջերմ բարեմաղթանքներ հղելով բաժանվեցինՙ կրկին հանդիպելու խոստումով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4