«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


«ՔՆԻ ԴԻԵՏԱՆ»` ՆԻՀԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ

«Քնի դիետան» կարող է լինել նիհարելու լավագույն միջոցը նրանց համար, ովքեր ժառանգել են գիրանալու հակումը, առաջարկում է վերջերս կատարված մի ուսումնասիրություն: Այն պարզել է, որ գիշերը ինը ժամից ավելի քնելը ճնշում է այն ժառանգական գործոնները, որոնք նպաստում են քաշի ավելացմանը: Եվ ընդհակառակըՙ քիչ քնելը հակառակ ազդեցությունն է ունենում:

Նախորդ ուսումնասիրությունն ապացուցել էր քիչ քնելու եւ գիրության կապը, սակայն նորը բացահայտում է քնի եւ քաշի ավելացմանը նպաստող գենետիկ գործոնների փոխկապակցվածությունը:

Գիտնականները այս եզրակացությանն են հանգել 1088 զույգ միաձվանի եւ երկձվանի երկվորյակների ուսումնասիրելով:

Զույգերի ուսումնասիրությունը օգնում է գիտնականներին զանազանել գենետիկ եւ շրջապատի ազդեցությունները: Միայն միաձվանի զույգերն են, որ ունեն միեւնույն գեները եւ հետեւաբար կրում են միեւնույն գենենտիկ ազդեցությունները, իսկ նրանց միջեւ տարբերությունները շրջակա աշխարհի գործոններից են կախված:

Երկձվանի երկվորյակները չեն կրում միեւնույն գեները եւ կարող են ցուցաբերել գենետիկ տարբերություններ: Ըստ նոր ուսումնասիրության` մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) ժառանգելու հավանականությունը երկու անգամ ավելի շատ է քիչ քնողների մոտ` համեմատած շատ քնողների:

Այն երկվորյակների մոտ, որոնք յոթը ժամից քիչ էին քնել, գրանցվել էր գենետիկ գործոնների 70% տարբերություն ՄԶԻ-ում:

Իսկ այն երկվորյակների մոտ, որոնք ինը ժամից ավելի էին քնել, քաշային տատանումների միայն 32% էր պայմանավորված եղել գեներով:

Ուսումնասիրության ղեկավար, Վաշինգտոնի համալսարանի գիտաշխատող Նաթանիել Վաթսոնն ասում է. «Արդյունքները վկայում են, որ կարճ քունը նպաստավոր միջավայր է ապահովում գեներով պայմանավորված գիրության համար: Կամ էլՙ երկար քունը հնարավոր է, որ պաշտպանիչ դեր է կատարում` չթողնելով, որ գիրության գեները գլուխ բարձրացնեն»:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Քուն» (Sleep) ամսագրում:

Ուսումնասիրության մասնակիցները գիշերը միջինը քնել են 7.2 ժամ: Նրանց մեծ մասը երիտասարդներ են եղել` միջինը 36.6 տարեկան, լավ կրթված, կովկասցի կանայք:

Նրանց միջին ՄԶԻ-ն եղել է 25.3, որն ավելորդ քաշի ցուցանիշների մեջ է մտնում: ՄԶԻ-ի 30 եւ ավելի ցուցանիշն արդեն կլինիկական գիրություն է համարվում:

Մասնակիցների 38%-ը իգական սեռի միաձվանի երկվորյակներ են եղել:

Գիտնականները իրենց աշխատության մեջ նաեւ նշում են, որ արեւմտյան ժամանակակից լարված կենսակերպը նույնպես կարող է նպաստել գիրությանը:

«Ժամանակակից հասարակությունն իր համատարած տեխնոլոգիաներով հաճախ կարող է քնի պահանջի եւ կիրառության անհամատեղելիության պատճառ դառնալ: Որն էլ իր հերթին հաճախ վնասում է մարդու ճանաչողական (հոգեկան) ֆունկցիան, նյութափոխանակությունը, սրտանոթային եւ իմունային համակարգը», ասում են նրանք:

«Վերջին հարյուրամյակում մարդկանց քնի տեւողությունը մեկ գիշերվա ընթացքում կրճատվել է 1.5 ժամով, եւ 2001-ից սկսած ԱՄՆ մեծահասակ բնակչության տոկոսայնությունը, ովքեր առնվազն ութ ժամ են քնում գիշերը, նվազել է 38%-ից մինչեւ 27%»:

«Օրեցօր շատանում են փաստերը, որ մշտապես նորմայից քիչ քնելը բերում է գիրության:

Քունը կարող է քաշի փոփոխության պատճառ դառնալ` ազդելով հորմոնների, նյութափոխանակության եւ գլյուկոզայի այրման վրա», ավելացնում են նրանք:

«Ինդեփենդենթ», Թարգմ.` ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4