«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


ՄԵԴԱԼԻ ՀԱՐՑԸ ԿՎՃՌՎԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Վարուժան Հակոբյանը գործնականում զրկվեց շախմատի ԱՄՆ-ի առաջնության մրցանակակիր դառնալու հնարավորությունից: 9-րդ տուրում նա սեւերով պարտվեց Ռոյ Ռոբսոնին: Հայ շախմատիստը 4,5 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Հակոբյանը մեկ միավորով հետ է մնում 3-րդ տեղում ընթացող Ալեքսանդր Օնիշչուկից: Վերջինս հաղթեց Գրեգորի Կայդանովին:

9-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Գատա Կամսկինՙ հաղթելով Յասեր Սեյրավանին: Կամսկին վաստակել է 7 միավոր: Նրան կես միավոր է զիջում Հիկարու Նակամուրան, որը հաշտություն կնքեց Ալեքսանդր Լենդերմանի հետ: Հենց Կամսկու եւ Նակամուրայի միջեւ էլ կընթանա պայքարը չեմպիոնի տիտղոսի համար: Այդ պայքարում վճռորոշ կլինի 10-րդ տուրում նրանց միջեւ կայանալիք պարտիան, որում սպիտակներով խաղալու է Կամսկին: Վարուժան Հակոբյանն ավարտական 2 տուրերում կմրցի Ալեքսանդր Օնիշչուկի եւ Գրեգորի Կայդանովի հետ:

Կանանց մրցաշարում կայացավ նախավերջինՙ 8-րդ տուրը: Այն հաղթական էր Տաթեւ Աբրահամյանի համար, որը պարտության մատնեց Ալիսա Մելեխինային: Տաթեւը վաստակեց 4,5 միավոր: Նա այդ ցուցանիշով 3-5-րդ տեղերն է բաժանում Ֆրանչեսկա Ֆոյսորի եւ Ռուսուդան Գոլեթիանիի հետ: Այնպես որ Տաթեւը հավակնում է բրոնզե մեդալի: Ավարտական տուրում հայ շախմատիստուհին սեւերով մրցելու է մրցաշարի առաջատարներից մեկիՙ Աննա Զատոնսկիխի հետ, որը 6 միավորով Իրինա Կրուշի հետ գլխավորում է աղյուսակը: Զատոնսկիխը 8-րդ տուրում հաղթեց Գոլեթիանիին: Կրուշն էլ պարտության մատնեց Ալյոնա Կացին: Վերջին տուրում Կրուշի մրցակիցը կլինի Քամիլա Բագինսկայտեն, որը 2 միավորով նախավերջինՙ 9-րդ տեղում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4