«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՐԱՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընտրություններից անցել է երկու շաբաթից ավելի, եւ պաշտոնապես հայտնի չեն անգամ խորհրդարան գնացողների անունները (ոչ պաշտոնական ենթադրությունները նկատի չունենք` մամուլը լցված է երբեմն նույնիսկ ամենաանհավանական ենթադրություններով): Սոսկ այս փաստը նշանակում է, որ բուն ընտրությունները չեն մեզ մոտ հարց լուծում, այլ մարդիկ, ովքեր կառավարում են ընտրությունները: Ու ակնհայտորեն այդ մարդիկ ինչ- որ բան չեն կարողանում բաժանել իրար միջեւ, այդ պատճառով էլ դեռ անորոշություն է: Պարզ չէ, թե ովքե՞ր են կառավարություն գնալու համար ինքնաբացարկ ներկայացնողները (էնպես` բոլորս էլ ազգովին ամեն ինչ գիտենք): ՀՀԿ-ում դեռ պարզ չէ, թե նախարարական քանի՞ պորտֆել է թողնվում իրենց, քանի որ ԲՀԿ-ի ստանալիքը դեռ հայտնի չէ` քիչ տան, ավելի շատ մարդ պետք է ինքնաբացարկի դիմում գրի, շատ տան, այժմյան գործադիրից խորհրդարան գնացողներն ավելի շատ կլինեն: Ու ստացվում է, որ ՀՀԿ-ում նստած սպասում են ԲՀԿ-ի որոշմանը: ԲՀԿ-ում էլ դեռ չգիտեն` ցուցակի արմատական տրամադրված անունները` Վարդան Օսկանյան, Հմայակ Հովհաննիսյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում գնո՞ւմ են խորհրդարան, թե՞ ոչ: Բոլորն սպասում են մոգական մայիսի 24-ին, այդ օրն, օրինակ, Հմայակ Հովհաննիսյանը կարող է ինքնաբացարկ ներկայացնել, կոալիցան սրտովը չէ: Օսկանյանը նույնպես դեռ որոշում չունի` հավանաբար բոլորը սպասում են ՍերԺ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցությունների հանգուցալուծմանը: Ենթադրություններ կան անգամ, որ ԲՀԿ արմատական տրամադրված հինգ-վեց հոգին կարող են խորհրդարան գնալ եւ նոր խմբակցություն ստեղծել, չնայած դա հազիվ թե հավանական է: Իսկ ԲՀԿ-ՀՀԿ բանակցությունների նյութը պաշտոններն են` քանի՞ նախարարական պորտֆել ավել կամ պակաս, ու անգամ ըստ տարբեր ԶԼՄ-ների` ԲՀԿ-ն տարբեր վարկածներով կարող է պահանջել վարչապետի, ԱԺ նախագահի կամ փոխվարչապետի պաշտոններ, նայած նախարարական պորտֆելների ի՞նչ համադրության մասին է խոսքը:

Մեծ հաշվով` սա կապ չունի նաեւ ընտրությունների հետ, կամ այնքանով ունի, որքանով մարդիկ այս կամ այն ուժին ձայն են տվել ինչ-որ հույսով, այնուամենայնիվ` ոչ թե այդ ձայներից, այլ կուսակցապետերի բանակցություններից է փաստորեն կախված ինչպիսի կառավարություն եւ ինչպիսի Ազգային ժողով ունենալու հանգամանքը: Մինչդեռ երբ ընտրողը, լսելով քարոզչական շրջանի խոստումները, ձայն էր տալիս որեւէ ուժի` մտածում էր, որ չի փոխվելու իր տված ձայնի բովանդակությունը: Այսինքն` երբ ասվում էր, թե ԲՀԿ-ն այլընտրանք է ՀՀԿ-ին, եւ ընդդիմադիր ձայներից մի տասը մանդատ ձեւավորելու չափ տրվել է ԲՀԿ-ին (նախորդ ԱԺ-ի համեմատ` այդքան մանդատով ԲՀԿ-ն բարելավել է իր վիճակը), ապա ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու պարագայում այդ տասը մանդատաչափ ձայները փոշիանում են, ու եթե մեխանիզմ լիներ, ընտրողը հետ կվերցներ իր տեղ չհասնող քվեն: Սակայն այդպիսի հնարավորություն չկա, ու այդքան ընտրող, որ ԲՀԿ-ին ընդդիմադիր պահվածքի խաթրու է ձայն տվել, կոալիցիան շարունակելու պարագայում մնալու է ձեռնունայն: Այդպիսով` ամեն ինչ կախված է նրանից, թե լիդերները ո՞նց են կառուցելու հարաբերությունները ապագա Ազգային ժողովում, դրանից է կախված նաեւ երկրի ապագան, այո, եւ ոչ թե բուն ընտրություններից:

Բայց այս բոլոր դատողություններն անցյալ են ամենայն հավանականությամբ, քանի որ ԲՀԿ-ն, ըստ տարբեր լուրերի, հակված է շարունակելու կոալիցիոն գործելակերպը, ու եթե այդպիսի փոխպայմանավորվածություններ ձեռք բերվեն, նախագահական ընտրություններին նույնպես հազիվ թե ինչ-որ անկնկալ լինի:

Ապագա Ազգային ժողովում փոխվում են միայն ընդդիմադիր շեշտադրումները` առաջ «Ժառանգության» հինգ-վեց հոգին էին անընդհատ ընդդիմախոսում, հետո նաեւ ՀՅԴ-ն գումարվեց, հիմա արդեն ՀԱԿ-ի «խոսողներն» են գալու, եւ արտաքին ցուցափեղկի առումով ԱԺ-ն մի հետաքրքրական կոնգլոմերատ է ներկայացնելու իրենից, բայց միայն այդքան: Այսինքն` եւս հինգ տարի շարունակվելու է մի համակարգ, որ գործում էր վերջին տասնհինգ տարիներին, որը նույն` իշխանական կամ ընդդիմադիր մարդկանց փակ մի համակարգ է (անկախ մեկումեջ նոր դեմքերից): Ընդդիմությունը փողոցից, այդպիսով, գնում է տուն, եւ ընդհանրապես գնում է տուն: Փողոցը դատարկվում է, ՀԱԿ-ից փախչող միավորների իրողությունը ենթադրում է, որ այս ընդդիմությունն ավարտվեց: Գոնե դաշինքի տեսքով այն շուտով չի լինի (հեռանալու տրամադրությունները շարունակվում են դրսեւորվել), իսկ հանրության ստվար շերտերի վրա ազդեցություն չունեցող ընդդիմության բացակայությունը ծանրության կողմը տեղափոխում է դեպի իշխանություն, սակայն ընդհանուր բալանսն է խախտում: Մի երկրում, որտեղ չկա հզոր ընդդիմություն (չկար արդեն նախորդ նախագահական ընտրությունների շրջանում), իշխանության համար դժվար է արդյունավետ գործել:

Ընտրություններով իշխող ուժ փոխելուն հավատացողների համար շեշտենք, որ ընտրությունները սովորաբար հասարակության մեջ առկա վիճակի դե ֆակտո արձանագրումն են` անկախ նրանիցՙ ո՞վ է հավատում կամ չի հավատում դրանց իրական կամ կեղծված լինելուն: Այսինքն` եթե հասարակությունը, անկախ սոցիալական ծանր վիճակից, դեռեւս չի գիտակցում փոփոխությունների հրամայականը, ընտրությունները չեն կարող հրաշք գործել: Իսկ փոփոխությունների հրամայականը ոչ այնքան աղքատությունն է կամ անգամ ծայրահեղ աղքատությունը, որքանով հասարակության լայն շերտերի գիտակցական մակարդակի ընդլայնումը: Ահա թե ինչու է յուրաքանչյուր իշխանություն վախենում մտածող շերտերի համար հարմարավետ միջավայրի ստեղծումից, քանի որ գիտակցությունն ու ինտելեկտը վարակիչ են, ինչպես, ի դեպ, նաեւ ցածր կրքերն ու ագրեսիան: Սակայն մխիթարականն այն է, որ մեր իշխանությունն ու նրա մեջ եղած մարդկանց մեծ մասը արդեն վաղուց իշխանության մեջ են, եւ ոչինչ հավերժական չէ. առկա փողոցային ընդդիմության փոշիացումը հող է նախապատրաստելու նոր մարդկանց եւ նոր ուժերի առաջանալուն, այնպես, ինչպես իշխանության մեջ եղողների մեծ մասը բնականոն ճանապարհով արդեն անցնելու են պատմության գիրկը: Այսինքն կարելի է արձանագրել, որ Հայաստանում ոչինչ հեղափոխական ճանապարհով տեղի չի ունենում, այլ դանդաղ, էվոլյուցիոն, փուլ առ փուլ ճանապարհով: Եթե ավարտվեց մեկ համակարգի ընդդիմությունը, կամաց-կամաց տեղ բացելով նորերի համար, դա դեռ կարող է չգիտակցվել, ապա իշխանությունը եւս, թեկուզ ավագ տարիքի պաշտոնյաների տեղն աստիճանաբար երիտասարդներին զիջելու ճանապարհով նորանալու է, մի քանի տարի հետո առհասարակ գալու են նոր մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնց 2012-ի մտածողությունը խորթ ու անհասկանալի է թվալու: Այն, ինչ անլուծելի էր այսօր, մի չորս-հինգ տարի հետո հեշտությամբ եւ առանց պրոբլեմների է լուծվելու, քանի որ մտածողությունն է այլ լինելու, երեսուն-երեսունհինգ տարեկանների բավական կրթված եւ չբարդույթավորված մի շերտ կա, որն, ուզենք թե չուզենք, շուտով թելադրող է դառնալու եւ ձեռնարկելու այսօրվա թնջուկները քանդել: Իսկ այսօր դեռ գուցե արհեստականորեն փորձելու ենք լուծել մի քանի հարց, ու դրանց թվում այն, թե ո՞վ է վերցնելու ընդդիմադիր զանգվածի հարցերին լուծում տալու դրոշը, եւ արդյո՞ք իշխանության ներսում է առաջանալու զանգվածային ընդդիմադիր ուժ:

Հիմա այս ընտրություններում տեղի ունեցավ երկու բան` գնացքը հասավ վերջին կայարան, բայց կիսատ գցված ռելսերով շարժվում է դեպի անհայտություն: Ռելսերը պիտի շարունակենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4