«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻԿԱԳՈ ՉԳՆԱՑ

ՆԱՏՕ-ն կողմնորոշվելու կարիք ունի, այլապես հակասությունները էլի մի խնդիր կավելացնեն առանց այդ էլ խնդրաշատ կառույցում

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազգը» տեղեկացրել էր, որ մայիսի 20-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ընդ որում, նախատեսված էր նաեւ այցելություն Բոստոն, այնտեղ բացումը կատարելու Հայոց ցեղասպանությանը նվիրված Armenian Heritage Park այգու: Սակայն այդ առնչությամբ նախագահական գրասենյակից համառորեն լռում էին, եւ, ինչպես պարզվեց արդեն մայիսի 19-ին, նախագահն այդպես էլ չմեկնեց Չիկագո, չմասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քանի որ ակնհայտորեն մինչեւ վերջին պահը ինչ-որ բանակցություններ ու խորհրդակցություններ էին ընթանում:

Խոսքը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրի մասին է, որում տեղ գտած որոշ դրույթներ, մեղմ ասած, «սառը պատերազմի» ժամանակաշրջանից էլ հին մտածելակերպի հետեւանք են, ընդ որում` ՆԱՏՕ-ի հռչակած ներկայիս նպատակների համատեքստում քիչ էլ տարօրինակ:

Բնավ էլ նորություն չէ, որ հռչակագիրը 47-րդ կետով արդեն իսկ ամրագրել է, թե «Շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը եւ կշարունակենք աջակցել տարածաշրջանային այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` այս սկզբունքների ու միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի նորմերի հիման վրա»:

Տվյալ դեպքում «տարածաշրջանային հակամարտություններ» ասվածը վերաբերում է Հարավային Կովկասին ու Մոլդովային, ի ցույց դնելով ՆԱՏՕ-ի հռչակագիրը կազմողների ակնհայտորեն «ծուռ» կամ, որ ավելի ճիշտ է, «կողմնակալ», բայց չհիմնավորված կեցվածքը այն դեպքում, երբ տարածքային ամբողջականության հետ նշվում են ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ բնավ էլ միայն հիշյալ դրույթը չի ամրագրված:

Եվ սա դեռ ամենը չէ: ՆԱՏՕ-ի հռչակագիրն ուղղակիորեն հակասական դրույթներ է պարունակումՙ անլուրջ դարձնելով ընդունված փաստաթուղթը: Մասնավորապես, հռչակագրի 21-րդ կետում նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է սերտորեն աշխատել «ԵԱՀԿ-ի հետ, ի մասնավորի հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման, հետհակամարտային վերականգնման եւ անվտանգության նոր սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում»:

Որ Հայաստանն ու Ադրբեջանը, Մոլդովան էլ պոչին, համահարթեցվել են Վրաստանի հետ, ավելի ճիշտ` այն վերաբերմունքի հետ, որպիսին առավելապես հակառուսական մոտիվներով ՆԱՏՕ-ն որդեգրել է Վրաստանի հարցում, եւս անլրջության դրսեւորում է, հատկապես երբ Վրաստանին առնչվող հակամարտությունների մասին ավանդական դարձած ձեւակերպումների կողքին, չգիտես ինչու, հարավկովկասյան հակամարտություններով «խիստ մտահոգ» ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե մտահոգ է նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականությամբ: Տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին է շեշտում մի կառույց, որի գործունեության ողջ ընթացքը այս կամ այն պետության նույն արժեքները ոտնահարելով է անցել ու դեռ շարունակվում է, ընդ որում, ՆԱՏՕ-ի կողմից «անհրաժեշտ» համարվելու դեպքում միշտ այդ ոտնահարումն ուղեկցվել է ռմբակոծություններով ու զինուժի ներթափանցմամբ:

ԵԱՀԿ-ին հակամարտությունների կարգավորման հարցում աջակցության մասին ներկայացնող ՆԱՏՕ-ական դրույթն էլ ձեւից բովանդակություն մեծապես տարբերվում է, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի անունից քանիցս շեշտվել է այլ հարթակներում քննարկումների ու վերաբերմունքի արտահայտման վտանգավորությունը, ավելին, տարածքային ամբողջականության կողքին համանախագահող երկրների նախագահները մշտապես շեշտում են ղարաբաղյան հարցի կարգավորման մյուս երկու` ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների հավասարարժեքությունն ու որեւէ մեկ սկզբունքի գերակա չլինելու հանգամանքը:

Այս ամենի ու Հայաստանի նախագահի այդպես էլ Չիկագո չայցելելու մասին խոսել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մայիսի 19-ին Չիկագոյում էրՙ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցությանը մասնակից երկրների ղեկավարների հանդիպմանը: Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նալբանդյանը հիշեցրել է, որ Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հրավիրված է եղել նաեւ Սերժ Սարգսյանը, այդ առիթով ակնկալելով նաեւ հանդիպում Չիկագոյի հայ համայնքի հետ:

«ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին», համայնքի հետ հանդիպմանը ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով, դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանումՙ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա: «Հաշվի առնելով այս մտահոգությունը Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը», պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4