«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


ԵՎՐՈՏԵՍԻԼԻ ԴԻՋԵՅՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՐԳ ՀՆՉԵՑՆԵԼ

Բաքվում Եվրոտեսիլի պաշտոնական ակումբում արգելել են հայկական երաժշտություն հնչեցնել:Գերմանական առցանց լրատուները հաղորդում են, թե ուրբաթ գիշեր գերմանացի դիջեյներից մեկը հնչեցրել է Եվրոտեսիլ 2010-ի երգերից մեկիՙ Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ»-ի ռեմիքս տարբերակը, ռուս մի երգչուհու մատուցմամբ, ինչը իրարանցման պատճառ է դարձել: Ակումբի աշխատակիցներից մեկն արգելել է դիջեյին հայ երաժշտություն մատուցել: Եվրոտեսիլի ադրբեջանցի խոսնակ Քամրան Աղասին նախ հաստատել է dapd լրատվական գործակալության լուրը, այնուհետ մեկնաբանել, թե «Հայաստանն առանց ներում հայցելու, ընդամենը կարճ ժամկետում Եվրոտեսիլին իր մասնակցությունից հրաժարվել է:Ինչպես կարո՞ղ ենք կամավորներին բացատրել, թե հանկարծ տես էՙ հայկական երաժշտություն է հնչում», ադրբեջանական արգելքը հիմնավորել է խոսնակը: Գերմանացի դիջեյը, ինչպես նաեւ Եվրոտեսիլի դիջեյների կոորդինատորը հաստատել են, թե իրենց նաեւ զգուշացրել ենՙ ընդհանրապես կզրկեն ելույթի հնարավորությունից, եթե հայկական երաժշտություն ներկայացնեն:

Ինչպես իրազեկում է Եվրոտեսիլի կայքէջը, ESC բոլոր դիջեյներն աշխատում են առանց վարձատրության, եվրոակումբները գոյություն ունեն 1988-ից ի վեր: Եվրոակումբները դիսկոակումբներ են, որտեղ Եվրոտեսիլի երկրպագուները, պատվիրակության անդամները, լրագրողները հանդիպում են, պարում, տոնում: Իսկ դիջեյների ընտրությունը պտտվում է եվրոտեսիլյան հայտնի ռիթմերի շուրջ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4