«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԵՆ ԲՆՈՐՈՇՈՒՄ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ ունենալու գլխավոր պայմաններից մեկը կառույցի տարհանման գոտիների առկայությունն է, որը պետք է ապահովի մարդկանց անվտանգ հեռացումը: Շինարարական նորմերն ու կանոնները պահանջում են, որ յուրաքանչյուր 1000 մարդու անվտանգ տեղաշարժի համար պետք է տրամադրվի 0.7-0.9 հա ազատ տարածություն: «Հրազդան»-ը հանրապետության ամենախոշոր մարզադաշտն է: Կառուցված է 75.000 մարդու համար: Նման խոշոր կառույցի համար անհրաժեշտ է 5 հա տարհանման տարածք:

Մասնագետները հաշվել են, որ մարզադաշտը դատարկվում է 7-10 րոպեի ընթացքում, սակայն բուն տարածքը դատարկվում է 1-2 ժամվա ընթացքում: Հետեւաբար տարհանման տարածքը պետք է ընդարձակ լինի, նաեւ լուծվի կանգառների խնդիրը: Դրանք պետք է գտնվեն մարզադաշտից 500-600 մետր հեռավորության վրա, որպեսզի մարդկանց եւ մեքենաների հոսքերը միմյանց չխանգարեն:

Սրանք այն բոլոր պահանջներն են, որոնք դրվեցին 1969-ին, երբ ՀՍՍՀ 50-ամյակի կապակցությամբ երկրի ղեկավարները որոշեցին մեծ սպորտային համալիր կառուցել: 1975-ին կառույցն արժանացավ ՀՍՍՀ պետական մրցանակի, իսկ 1982-ին Վարշավայում հրատարակված սպորտային եզակի կառույցների մասին լայնածավալ հանդեսի շապիկին «Հրազդանն» էր:

Հանրային խորհրդում երեկ կայացած քննարկմանը մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հիշում է, որ «Հրազդանն» աչքի է ընկնում ոչ միայն ճարտարապետական լուծումներով, այլեւ անվտանգության խիստ համակարգով եւ բազմաթիվ ելքերով:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո գրեթե բոլոր հետխորհրդային երկրների կինոթատրոններում եւ մարզադաշտերում տոնավաճառներ բացվեցին: Կառույցները տրվեցին ժամանակավոր վարձակալության:

«Հրազդանն» էլ բացառություն չէր, հիշում է Մուշեղյանըՙ հավելելով, որ սկզբնական շրջանում տարածքում առեւտուր կատարվում էր միայն շաբաթ-կիրակի օրերին: «Հետո ախորժակը բացվեց, առեւտուր ամեն օր էր կատարվում, հետո ախորժակի չափն ավելի մեծացավ, եւ ուզում են մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցել»:

Եթե նախկինում կարեւորագույն մարզական խաղերի, միջոցառումների ժամանակ տարհանման գոտում տեղադրված սեղանիկները հանվում էին, ապա անհասկանալի է, թե եռահարկ բետոնե հսկայական առեւտրի կենտրոնը որտե՞ղ պետք է անհետանա:

Գուրգեն Մուշեղյանը շեշտում էՙ եթե կառույցն արժանանում է պետական մրցանակի, ապա հայտնվում է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: 1991-ին մարզադաշտը եղել է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, 2004-ին նոր ցանկ է գրվել, «Հրազդանի» անունը բացակայում էր: Նույն թվականին մարզադաշտը ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է գույքը վարձակալող ձեռնարկությանը: Թեպետ կառավարությունը համապատասխան որոշմամբ կառույցի արժեքը գնահատել է 350 մլն դրամ, սակայն նույն կառավարության որոշմամբ կառույցը մասնավորեցվել է 88 մլն դրամով:

Այսօր մարզադաշտն իր հարակից հողամասերով վարձակալության տրված է «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին, որի սեփականատերը հանրապետական Աշոտ Աղաբաբյանն է:

«Վտանգը երկնքից կախված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մարզադաշտը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում չի ներառվել: Մարզադաշտի տարածքում տոնավաճառի կառուցումը քաղաքաշինական աբսուրդ է», ասում է Մուշեղյանըՙ հիշելով, որ իր աչքով է տեսել վարձակալության փաստաթուղթ, որտեղ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը պահանջել է, որ անգամ երկարաժամկետ վարձակալության պայմաններում կառույցը փոփոխության չենթարկվի:

«Անձերի խնդիր չկա, ուղղակի սխալ է», ասում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Անվտանգության կանոններից ելնելովՙ հայկական ֆուտբոլի թիվ մեկ պատասխանատուն ընդգծում է, որ տարհանման գոտում չպետք է լինի առեւտրի կենտրոն: Ավելին, դա թույլ չեն տա նաեւ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն: Հայրապետյանը շեշտում էՙ այսօր ՖԻՖԱ-ն պահանջում է, որ մարզադաշտերում լինեն վիրահատական սենյակներ, մինչդեռ մենք քննարկում ենքՙ ունենալ տարհանման գոտի, թեՙ ոչ:

Որ մարզադաշտն այսօր էլ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, Հայրապետյանը կրկնեց մի քանի անգամ ու հավելեց. առաջիկա մի քանի տարվա ընթացքում ամեն ինչ անելու է, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղն անցկացվի «Հրազդան»-ում:

Թեպետ Հայրապետյանի եւ Աղաբաբյանի հարաբերությունները լավ չեն, սակայն ՀՖՖ նախագահը մարզադաշտի սեփականատիրոջը չի քննադատում: Ասում է, թե տարածքում տոնավաճառ է կառուցել, որպեսզի մարզադաշտը պահի: «Շատ բարդ հարց է մարզադաշտ պահելը, ես էլ լինեիՙ չէի կարողանա: Միակ ելքն այն է, որ մարզադաշտն ընդգրկվի հուշարձանների պահպանության ցանկում, եւ այդ ժամանակ մարզական այդ կառույցին վտանգ չի սպառնա»:

Քննարկմանը ներկա չէր Աշոտ Աղաբաբյանը, նրա ներկայացուցիչ Գագիկ Ժամհարյանն ասաց, որ ամսական շատ մեծ գումարներ են ծախսում մարզադաշտի պահպանման համար, եւ ֆինանսական միակ աղբյուրը տոնավաճառն է: Նրա խոսքովՙ սեյսմակայունության առումով մարզադաշտը վտանգ չի ներկայացնում, հետեւաբար քննարկումն անիմաստ է, սակայն Հայրապետյանը նրան ուղղեց. խնդիրը ոչ թե մարզադաշտի սեյսմակայունությանն է վերաբերում, այլ հանդիսատեսի անվտանգությանը: «Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում, առջեւում կարեւոր խաղեր են, հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում աշնանը կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումը, հետեւաբար մարզադաշտը պետք է պատրաստ լինի ընդունելու տասնյակհազարավոր ֆուտբոլի երկրպագուների եւ ապահովելու նրանց անվտանգությունը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4