Արդյունաբերության աճն ամենամեծն է, բայց նվազել են արտահանման ծավալները
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2012-ի ապրիլ ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7,5 տոկոս: Հիշեցնենք, որ 2011-ից Ազգային վիճակագրական ծառայությունն անցել է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Միաժամանակ, նախորդ ամսվա մարտի նկատմամբ տնտեսական ակտիվության աճը կազմել է 4,8 տոկոս:
Արդյունաբերությունում աճը ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 12,3 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատՙ նվազել 1,9 տոկոսով: Շինարարությունն ունեցել է 4,5 տոկոս անկում, իսկ մարտի նկատմամբ` 2,2 տոկոս աճ: Գյուղատնտեսությունն ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 2,3 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ` 45,1 տոկոսով: Մանրածախ առեւտրում եւս արձանագրվել է 2,5 տոկոս աճ, իսկ մարտի նկատմամբ` 3,4 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոս աճ է արձանագրվել, իսկ այս տարվա մարտի նկատմամբ` 1,6 տոկոս անկում: էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 10,6 տոկոսով, իսկ այս տարվա մարտի նկատմամբ` 25,4 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի ապրիլին 2011-ի ապրիլի նկատմամբ նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 447,7 մլն դոլար, իսկ 2012-ի մարտի նկատմամբ` 14,8 տոկոսով: Արտահանումը կազմել է 91,9 մլն դոլար, նվազելով 17,1 տոկոսով, իսկ 2012-ի մարտի նկատմամբ` 43,4 տոկոսով: Ներմուծումը կազմել է 355,8 մլն դոլար, աճելով 5,4 տոկոսով, իսկ 2012-ի մարտի նկատմամբ նվազելով 2 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 264 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում ապրիլին կազմել է մոտ 118 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 148 հազար դրամ, պետականումՙ 93 հազար դրամ:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաեւ 2012-ի հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները եւ դրանք համադրել 2011-ի հունվար-ապրիլի հետ: Համաձայն դրանց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2012-ի հունվար-ապրիլին կազմել է 7,2 տոկոս:
Արդյունաբերությունում աճը հունվար-ապրիլինի նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ կազմել է 15,3 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունում` 13,3 տոկոս, շինարարությունն ունեցել է 5,2 տոկոս անկում, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 10,1 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 0,9 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 1,1 տոկոս աճ:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունվար-ապրիլին 2011-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացել է 10,8 տոկոսով եւ կազմել մոտ 1 մլրդ 751 մլն դոլար: Արտահանումը կազմել է 439,5 մլն դոլար, արձանագրելով 17,8 տոկոս աճ, ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 311 մլն դոլար, աճելով 8,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 871,5 մլն դոլար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ