Նոր Նորք վարչական շրջանը նախկին երկարամյա թաղապետ Դավիթ Պետրոսյանի անժամանակ մահվանից հետո արդեն երկրորդ ղեկավարն է փոխում: Գործող թաղապետ (կամ ինչպես արդեն անվանել ենՙ վարչական շրջանի ղեկավար) Մելիք Գասպարյանը մայիսի 21-ին աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Երեւանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ուլիխանյանը: Իսկ թե ի՞նչն է պատճառ եղել սեփական դիմումով հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը չմեկնաբանեց: Լուրեր են պտտվում, որ ընտրությունների ընթացքը վարչական շրջանում պատշաճ չի կազմակերպել թաղապետը: Կան նաեւ մի շարք դժգոհություններ վարչական շրջանի տարածքների զավթման, բակերի անբարեկարգ վիճակների, անձրեւաջրերի հեռացման, աստիճանների ավերակ դարձած վիճակների, շենքերի չվերանորոգված տանիքների եւ էլի շատ ու շատ բարձիթողի վիճակում գտնվող, բնակիչների բողոքներին, դժգոհություններին չարձագանքող բազմաթիվ փաստերից: Իհարկե, նման երեւույթներ այլ վարչական շրջաններում նույնպես կան, սակայն Նոր Նորքում դրանք աղմկահարույց են, եւ գուցե դրանք են պատճառները հրաժարականի:
Մ. Մ.