«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՆՄՈՌԱՑ ՊԱՀԵՐԸ

Մայիսի 19-ին հանրապետության բոլոր թանգարանները թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հայտարարել էին բաց դռների օր եւ 6 ժամ շարունակ, մինչեւ կեսգիշեր, անվճար հյուրընկալում էին բոլոր այցելուներին: «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո անցկացվող թանգարանների գիշերը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ եւ աջակցությամբ` մայիսի 18-ին ավանդաբար նշվող թանգարանների միջազգային օրվա առթիվ: Թանգարաններն այդ օրը բազմահազար այցելուներին էին ներկայացրել ո՛չ միայն իրենց պատերում պահպանվող պատմական ու մշակութային հարստությունը, այլեւ կազմակերպել էին ամենատարբեր միջոցառումներ` շնորհանդեսներ, բեմադրություններ, համերգներ եւ այլն: Մարդկանց` դեպի թանգարաններ անընդհատ հոսքը լավագույն ապացույցն էր այն աննվազ հետաքրքրության, որ հանրությունը ցուցաբերում է մշակույթի ու արվեստի հանդեպ:

Յուրօրինակ միջոցառումների շարք էր կազմակերպել նաեւ Հայաստանի բնության պետական թանգարանը` հայկական բնաշխարհի, կենդանական ու բուսական աշխարհի հարուստ նմուշներով լեցուն իր պատերի ներսում ներդաշնակելով արվեստն ու բնությունը: Օրվա մշակութային միջոցառումների շարքը մեկնարկեց ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով. «Գիրը փոփոխվող աշխարհում» թեմայով նրա ելույթը նվիրված էր գրականության ու գրահրատարակչության ժամանակակից ձեռքբերումներին ու խնդիրներին: Թեմայի ընտրությունը պատահական չէր, քանի որ Երեւանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Միջոցառումների շարքն այդ օրը ներառում էր նաեւ ճանաչված լրագրող, արձակագիր, մի շարք մարզական ու գեղարվեստական գրքերի հեղինակ Արսեն Բաբայանի նոր գրքի շնորհանդեսը: Ներկայացնելով «Դուռը բաց է, մտեք» վիպակների ժողովածուն` Լեւոն Անանյանը բարձր գնահատեց հեղինակի բազմամյա վաստակը, գրական ճաշակն ու հարուստ ներաշխարհը: Բաբայանի ստեղծագործությունների հերոսները անհատներ են, ովքեր, ժամանակի ու բարքերի փոփոխվող արժեքներից անկախ, երբեք չեն հանձնվում հոսանքին եւ չեն կորցնում իրենց ես-ն ու ներքին ամենամեծ հարստությունը` հոգեւոր արժեքները: Շնորհանդեսի առիթով Արսեն Բաբայանին գնահատանքի ջերմ խոսքեր ուղղեցին այլ մտավորականներ եւս:

Այնուհետեւ ներկաները «տեղափոխվեցին» կերպարվեստի աշխարհ. թանգարանի սրահներից մեկում ներկայացված էին գեղանկարիչներ Վլադիմիր Գրիգորյանի ու Ֆլորա Բաղդասարյանի «Ապրած տարիներ» նկարաշարի կտավները:

Թանգարանային գիշերվա տպավորություններին իրենց ասմունքով ու երաժշտական կատարումներով առանձնահատուկ հմայք հաղորդեցին Երեւանի թիվ 2 ավագ դպրոցի եւ Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները: Բնության թանգարանն այդ օրը մինչ կեսգիշեր բազմամարդ էր:

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4