Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացված ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ մեր անվանի հրաձգուհի, սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը: Չեմպիոնուհու տիտղոսի համար պայքարում Երջանիկի գլխավոր մրցակցուհին Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստինա Վենսելն էր: Հայ մարզուհին աչքի ընկավ դիպուկ կրակոցներովՙ 100 հնարավորից վաստակելով 96 միավոր: Նա 2 միավորով գերազանցեց Վենսելին եւ 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Հիշեցնենք, որ մեր փառաբանված մարզուհու մարզիչն ամուսինն էՙ Գոռ Բարսեղյանը:
Ընդհանրապես Ավետիսյանների ընտանիքը մարզական է: Որդիներըՙ Վոլոդյան եւ Միշելը նույնպես զբաղվում են հրաձգությամբ: Նրանք ներկա են գտնվել մրցումներինՙ հայկական եռագույնը փոխանցելով սիրելի մորը, որը բարձրացել էր պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Ի դեպ, եղբայրները մասնակցեցին մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությանը եւ զբաղեցրին 4-րդ տեղը:
Ինչպես ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տեղեկացրել է Գոռ Բարսեղյանը, նրանց մարզական ընտանիքը մտադրվել է հիմնավորվել ծննդավայրումՙ Արտաշատի Այգեզարդ գյուղում: Այդ նպատակով որոշել են վաճառել Կիպրոսում եւ Ռուսաստանում իրենց բնակարանները, հող գնել Այգեզարդում ու ստենդային հրաձգության համալիր կառուցել, որում կմարզվեն նաեւ գյուղի երեխաները: