«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Գվատեմալայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաջող հանդես եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչըՙ գերծանրքաշային Գոռ Մինասյանը: Նա շատ վստահ սկսեց մրցումներըՙ պոկում վարժության 3 մոտեցումների ժամանակ էլ հաջողությամբ բարձրացնելով ծանրաձողը (180, 186 եւ 190 կգ): Այս արդյունքով հայ դյուցազունը դարձավ պոկում վարժության արծաթե մեդալակիրՙ ընդամենը 1 կգ-ով զիջելով ոսկե մեդալի արժանացած ռուսաստանցի Մահոմեդ Աբուեւին: 185 կգ արդյունքով բրոնզե մեդալը նվաճեց իրանցի Բահադուր Մուլաեին:

Հենց նշված 3 ծանրորդների միջեւ էլ ծավալվեց պայքարը հրում վարժությունում չեմպիոնի տիտղոսի համար: Գոռը կրկին վստահ մոտեցավ ծանրաձողին ու առաջին մոտեցմամբ բարձրացրեց 220 կգ: 2-րդ մոտեցումը եւս հաջող էրՙ 227 կգ: Ցավոք 230 կգ-ը բարձրացնել հայ ծանրորդին չհաջողվեց, այլապես նա երկամարտում աշխարհի փոխչեմպիոն կհռչակվեր: Մինասյանը 227 կգ-ով հրում վարժությունում բրոնզե մեդալ ստացավ, իսկ երկամարտում ցույց տվեց 417 կգ (190+227) արդյունք: Նույնպիսի արդյունքի էր հասել նաեւ իրանցի Բահադուր Մուլաեին, որը սակայն անձնական քաշով մոտ 9 կգ-ով թեթեւ էր Գոռից: Ուստի աշխարհի փոխչեմպիոն դարձավ իրանցին, իսկ հայ ծանրորդը բավարարվեց բրոնզե մեդալով: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Մահոմեդ Աբուեւը, որը երկամարտում ցույց տվեց 426 կգ (191+235) արդյունք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4