Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում ուշադրության կենտրոնում երկու առաջատարներիՙ «Միկայի» եւ «Իմպուլսի» մրցավեճն էր: Հանդիպումը բավական հետաքրքրական պայքարում անցավ ու գոլառատ ստացվեց: Արդեն խաղասկզբում կողմերը մեկական գնդակ փոխանակեցին: Աչքի ընկան Ռաֆայել Ղազարյանը «Միկայից» եւ Ֆիլիպ Տիմովը հյուրերից: Հետագայում 2 անգամ «Միկան» հաջողությամբ իրացրեց անկյունային հարվածները եւ Գեւորգ Պողոսյանը դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեցՙ 3-1: «Իմպուլսին» Ֆիլիպ Տիմովի հարվածի շնորհիվ միայն հաջողվեց կրճատել հաշիվը: Իսկ խաղավերջում Սեմյոն Մուրադյանը խփեց 4-րդ գոլըՙ 4-2:
Այս հաղթանակի շնորհիվ «Միկան» ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքըՙ 4 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողներից:
Աստիճանաբար իր նախկին խաղը վերագտնում է «Փյունիկը», որը սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց «Բանանցին»: Բեկումնային եղավ խաղի 23-րդ րոպեն, երբ «Բանանցի» պաշտպան Արգիշտի Պետրոսյանը տուգանային հրապարակում թույլ տված խախտման համար հեռացվեց խաղադաշտից, իսկ Սարգիս Հովսեփյանը հստակ իրացրեց 11 մ հարվածը: Մնալով 10 հոգով, «Բանանցը» ոչինչ չկարողացավ անել: Ընդմիջումից հետո փյունիկցիները եւս 3 գոլ խփեցին: Նախ աչքի ընկավ Վարդան Բակալյանը, ապա 2 գոլ խփեց փոխարինման մտած Վիլեն Այվազյանը:
Գյումրիում էլ «Շիրակը» 4-0 հաշվով ջախջախեց «Արարատին»: Այստեղ արդյունավետ խաղով աչքի ընկավ Անդրանիկ Բարիկյանըՙ խփելով 3 գոլ: Մեկ գնդակ էլ իր օգտին գրանցեց Մկրտիչ Նալբանդյանը: Վերջապես անդրանիկ հաղթանակի հաճույքը վայելեցին «Ուլիսի» ֆուտբոլիստները, որոնք Կապանում 1-0 հաշվով հաղթեցին «Գանձասարին»: Ճիշտ է, այս միակ գոլի հեղինակը գանձասարցի Գորան Օբրադովիչն էր, որը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: «Ուլիսը» վերջապես հեռացավ վերջին հորիզոնականիցՙ տեղը զիջելով «Արարատին»:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Միկա | 9 | 6 | 2 | 1 | 16-9 | 20 |
2. Գանձասար | 9 | 5 | 1 | 3 | 9-4 | 16 |
3. Շիրակ | 9 | 5 | 1 | 3 | 14-10 | 16 |
4. Իմպուլս | 9 | 5 | 1 | 3 | 16-13 | 16 |
5. Փյունիկ | 9 | 4 | 3 | 2 | 15-10 | 15 |
6. Բանանց | 9 | 2 | 3 | 4 | 9-13 | 9 |
7. Ուլիս | 9 | 1 | 3 | 5 | 6-11 | 6 |
8. Արարատ | 9 | 1 | 0 | 8 | 6-21 | 3 |
Ռմբարկուները
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 6 |
Ֆիլիպ Տիմով | «Իմպուլս» | 5 |
Նորայր Գյոզալյան | «Իմպուլս» | 5 |
Սեմյոն Մուրադյան | «Միկա» | 4 |
Վիլեն Այվազյան | «Փյունիկ» | 4 |