Շախմատի ԱՄՆ-ի առաջնությանը մասնակցած հայ երկու շախմատիստներն էլ անմասն մնացին խաղարկվող մեդալներից:
Ավարտական տուրից առաջ բրոնզե մեդալի էր հավակնում Տաթեւ Աբրահամյանը: Դրա համար նրան անհրաժեշտ էր հաղթել մրցաշարի առաջատարներից մեկինՙ Աննա Զատոնսկիխին: Սակայն Տաթեւն 9-րդ տուրի այդ վճռորոշ պարտիայում պարտվեց եւ 4,5 միավորով 10 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը: Իսկ Զատոնսկիխն այդ հաղթանակի շնորհիվ 7 միավորով հավասարվեց Իրինա Կրուշին ու իրավունք ստացավ վերջինիս հետ լրացուցիչ մրցախաղում վիճարկելու երկրի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում էր իրեն: Կրուշը 9-րդ տուրում հաղթել էր Քամիլա Բագինսկայտեին: 5,5 միավորով 3-րդ տեղը գրավեց վրացի Ռուսուդան Գոլեթիանին, որը պարտության մատնեց Ալյոնա Կացին:
Արագ շախմատի 2 մրցախաղերում էլ հաջողությունն ուղեկցեց Իրինա Կրուշին, որը 4-րդ անգամ հռչակվեց ԱՄՆ-ի չեմպիոնուհի: Նախկինում նա ուժեղագույնն էր ճանաչվել 1998, 2007 եւ 2010-ին:
Տղամարդկանց մրցաշարում անվստահ խաղաց Վարուժան Հակոբյանըՙ 11 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Ավարտական 2 տուրերում Հակոբյանը հաշտություն կնքեց Ալեքսանդր Օնիշչուկի հետ եւ հաղթեց Գրեգորի Կայդանովին: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 8,5 միավոր: Վճռորոշ էր Նակամուրայի հաղթանակը 10-րդ տուրում իր գլխավոր մրցակից Գատա Կամսկու նկատմամբ: Ավարտական տուրում էլ Նակամուրան հաղթեց Յասեր Սեյրավանին, իսկ Կամսկին ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հեսի հետ: Կամսկին 7,5 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ բրոնզե պարգեւը նվաճեց 6,5 միավոր վաստակած Ալեքսանդր Օնիշչուկը: