Մայիսի 22-ին, ժամը 17.40-ին մեր խմբագրության պատուհանից հանկարծ նշմարվեց թույլ ծուխ հարեւանությամբ գտնվող Հանրապետական կուսակցության շենքի տանիքում: «Ազգը» անմիջապես զանգահարեց 911 ծառայություն: 10-15 րոպե հետո ԱԻՆ հրշեջ ծառայության երեք մարտական հաշվարկ ժամանեց դեպքի վայր եւ սկսեց հրդեհաշիջման աշխատանքները: Սակայն շենքին բակի կողմից հնարավոր չէր մոտենալ խիտ շենքերի պատճառով, հրշեջները ստիպվածՙ շենքի ներսից ու Մելիք-Ադամյան փողոցից էին փորձում կրակը մարել: 30 րոպե անց կրակը տարածվեց շենքի ողջ տանիքով, եւ ավելի դժվարացավ կրակի մարումը: «Ազգը» փորձեց ԱԻՆ հրշեջ ծառայության պատասխանատուից ճշտել, թե մոտավոր քանի քառակուսի մետր է այրվել: «Առայժմ պարզ է, որ մոտ 320 քառ. մետր տանիքը ամբողջությամբ այրվել է: Հրդեհի պատճառը հայտնի կլինի մի քանի օրից, երբ հանձնաժողովն ավարտի ուսումնասիրությունները»: Շուրջ 1 ժամ անց հրդեհն ամբողջովին զսպված էր: Այրված եւ քանդված է ամբողջ տանիքը: Օգտագործված ջրի մեջ է շենքի 2-րդ հարկը: Բայց բարեբախտաբար տուժածներ չկան:
Մ. Մ.