«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


ՍԾՏՀ ԽՎ 39-ՐԴ ԵՐԵՎԱՆՅԱՆԸ` ՀԱՋՈՂ ԸՆԹԱՑՔՈՎ, ՍԱԿԱՅՆ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍԱՅԻՆ ՎՈՅԱԺՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ողջ աշխարհում լրագրողները նպաստում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, իսկ դուք, հայ լրագրողներդ, սրում եք իրավիճակը». այս խոսքն ուղղեց մեզՙ հայ լրագրողներիս Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի` Երեւանում անցկացվող 39-րդ լիագումար նիստից հետո ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը: Իսկ մենք ընդամենը նրան եւ թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆիին հարցնում էինք, թե ինչպե՞ս կարելի է տնտեսական համագործակցության խնդիրներ քննարկել, երբ փակ են հայ-թուրքական սահմանը, իսկ ադրբեջանցիներն էլ թութակի պես կրկնում են «գրավյալ 20 տոկոսի» թեզը: Մինչ այդ Հաջիեւը, ԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` «միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմաոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ եւ կոմպրոմիսային ճանապարհով բոլոր խնդիրների լուծման» թեզը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ասել էր. «Հայաստանի հետ համագործակցություն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հայկական կողմն ազատի Ադրբեջանից գրաված 20 տոկոս տարածքները»: Ու հակամարտության այս կարգի լուծումից հետո էր միայն Հաջիեւը պատկերացնում համագործակցություն Հայաստանի հետ նույն ՍԾՏՀ ԽՎ-ում փաստորեն: Նույն կերպ նրա թուրք գործընկեր, ՍԾՏՀ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին էր ե՛ւ առավոտյան լրագրողներիս հետ զրույցում, ե՛ւ երեկոյան էլ ասուլիսին իր ադրբեջանցի յոլդաշի հետ սինքրոն կրկնում, թե հայ-թուրքական համագործակցությունն ու սահմանների բացումը բարդ խնդիր է, կախված շատ գործոններից, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության լուծումից: Իսկ, օրինակ, հայկական սփյուռքի անզիջում կեցվածքը խանգարում է սահմանների բացմանը:

Սրանք ասվում էին վեհաժողովի եւ հարակից կազմակերպված միջոցառումների բարձրակարգ հանդուրժողականության պայմաններում, որն ապահովել էր հայկական կողմը, ընդ որում անվտանգության այն բարձր մակարդակը, որ ապահովել էր հայկական կողմը, բոլորովին ավելորդ էր, որովհետեւ ե՛ւ ադրբեջանցի, ե՛ւ թուրք պատվիրակներին բոլորը բավական լավ էին վերաբերվում, ինչի վստահությունը հայերիցս ոչ մեկը չունի թեկուզ Ադրբեջան մեկնելու պարագայում: Ադրբեջանցի պատվիրակը հատկապես չափազանց ագրեսիվ տոնայնությամբ էր պատասխանում լրագրողների հարցերին, նա հիշեց ե՛ւ իր երկրի տնտեսության «գերազանց» վիճակը, ե՛ւ երկրի հարստությունները` մի տեսակ կարծես սպառնալիքի ենթաշեշտեր մտցնելով իր խոսքի մեջ, ՄԱԿ-ից էր խոսում` մեր հիշեցմանն ի պատասխան, որ հարցի լուծումը Մինսկի խմբի համատեքստում է: Այսինքն` ադրբեջանցիք ինչ կառույցում ուզում է ներկայացված լինեն` տնտեսական, բնապահպանական, թե այլ` նրանց բոլոր երգերը մեղրիՙ «գրավյալ 20 տոկոս տարածքի» մասին են: Անգամ Հայաստանին կարող են ագրեսիայի մեջ մեղադրել, երբ ընդամենն օրեր առաջ ադրբեջանական կողմը հայկական մանկապարտեզ էր գնդակոծում: Էլ չասած, որ բարդույթավորված ադրբեջանական պատվիրակությունն, անգամ հայկական կողմի լավագույն ընդունելությունը կարծես անտեսելով, չէր մասնակցել պատվիրակների պատվին տրված միացյալ ընթրիքին: Մինչդեռ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը տարածաշրջանային համագործակցության այնպիսի կառույց է, որտեղ կարելի էր գոնե երեւութապես մի կողմ թողնել աքլորությունը եւ տնտեսական համագործակցության ինչ-որ եզրեր փնտրել, մանավանդ որ այս անգամ 6 ամիս Հայաստանի նախագահելուց հետո նախագահությունը հենց այսօրվանից հանձնվում է Ադրբեջանին, ով վեց ամիս վեհաժողովում նախագահելու է, եւ հաջորդ ԽՎ նիստն էլ նոյեմբերին Բաքվում է լինելու:

Ասենք, որ Հաջիեւի ինքնասիրահարված տեսակետներին հակահարված տվեց մեր պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը ` հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ծագել է այն պատճառով, որ ադրբեջանցիք գրավել էին ԼՂԻՄ 20 տոկոս հանդիսացող Շահումյանն ու Գետաշենը (սա Հաջիեւն իր համար նորություն համարեց), եւ հիշեցրեց, թե խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբում` ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության համադրությամբ: Իսկ ԽՎ փոխնախագահ Արեգ Ղուկասյանն ընդհանրապես փակեց թեման, ասելով, թե պետք չէ ՍԾՏՀ ՎՀ-ի վերաբերյալ ասուլիսը վերածել ղարաբաղյան բանակցությունների:

Իսկ վեհաժողովի դահլիճում ջերմ մթնոլորտ առկա էր` անկախ ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների այս տրամադրություններից, 12 անդամ երկրից 10-ի մոտ 7 տասնյակ պատվիրակներ բավական արդյունավետ աշխատեցին եւ սպառեցին օրակարգը, ընդունվեց կազմակերպության 20-ամյակին նվիրված հայտարարություն, ադրբեջանցիներն ու թուրքերն էլ այդ ամբիոնը չօգտագործեցին իրենց հայտնի տեսակետները վերակրկնելու համար:

Հնչեց Հայաստանի նախագահի ուղերձը, որտեղ բացի վերը բերված մտքից ասվում էր, թե Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ եւ ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված նախաձեռնությունները:

Բացման խոսքով հանդես եկած ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ գործող նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ կառույցի անդամ երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ ու նպատակներ, այդ թվում Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ. «Ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն են ձեռք բերում: Մեր նպատակն է աջակցել ու զարգացնել այդ գործընթացները, որը պետք է նպաստի ոչ միայն երկրների ներքին խնդիրների լուծմանը, այլեւ երկրների եւ ժողովուրդների միջեւ վստահության ու փոխըմբռման հաստատմանը: Հենց այս գիտակցությամբ էլ շարժվում ենք տարածաշրջանային համագործակցություն ամրապնդելու ուղղությամբ», ասաց նա:

Շատ չմանրամասնելով, նշենք միայն, որ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսն իր խոսքում ներկայացրեց կազմակերպության կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները` հույս հայտնելով, որ հետայսու ՍԾՏՀ գործունեությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության առումով արդյունավետ կլինի, ինչպես մինչ այժմ: Մասնավորապես նա կարեւորեց կայուն տնտեսական զարգացմանը, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաներին, առեւտրային, բնապահպանական, հարկային համակարգերի կատարելագործմանը, գյուղատնտեսական ոլորտին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ կազմակերպության կառուցողական որոշումներն ու դրանք կյանքի կոչելու հետեւողականությունը:

Իսկ նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԽՎ նիստը նախագահող, ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանը նշեց, որ այս նիստում հաստատվեց նոր մանդատ` Վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի, որը ձայների մեծամասնությամբ դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ ընդհանրապես` ԽՎ-ն շատ արդյունավետ է աշխատել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4