Նալբանդյանը մեջբերել է թուրք հայտնի գործարար Իցհակ Ալաթոնի խոսքերը անցյալի հետ առճակատվելու մասին
«Նրանք, ովքեր հույս էին տածում, որ ժամանակը մոռացության կմատնի ցեղասպանության հրեշավոր հանցագործությունը, խորապես սխալվել են», մայիսի 22-ին Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում Հայկական ժառանգության այգու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ մասնակցելով արարողությանը` Նալբանդյանը անդրադարձել է պատմական հիշողության կարեւորությանը. «Ասում ենՙ մարդկային հիշողությունը կարճ է, բայց վստահաբար այդպիսին չէ մարդկության հիշողությունը: Նրանք, ովքեր հույս էին տածում, որ ժամանակը մոռացության կմատնի ցեղասպանության հրեշավոր հանցագործությունը, խորապես սխալվել են: Այսօր, գրեթե 100 տարի անց, հազարավոր մարդկանց ներկայությունն այս հուզիչ արարողությանը դրա վառ ապացույցն է»:
Նալբանդյանի խոսքերով, արարողությունը վերահաստատում է, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ երբեք չի մոռանալու, չի լռելու, ճշմարտություն ու արդարություն է պահանջելու: «Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման ճանապարհ են հարթում: Անկախ աշխարհաքաղաքական եւ այլ շահերից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ցեղասպանության դատապարտման եւ դրա կանխարգելման համար: Այդ միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների իրագործման նոր փորձերի»:
Նալբանդյանի մեկնաբանությամբՙ «միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ»: «Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է: Այդ առումով թուրք հայտնի գործարար Իցհակ Ալաթոնի կոչը խորհրդանշական է. նա ասում է. «Եկեք բարձրացնենք մեր ձայնը Անկարայի խորհրդարանում, եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը եւ առճակատվենք մեր անցյալի հետ»: Ավելի ու ավելի շատ մարդիկ են Թուրքիայում սկսում մտածել Ալաթոնի պես: Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում եւ այլ թուրքական քաղաքներում դրա վկայությունն են», լավատեսական դիտարկում է արել Հայաստանի արտգործնախարարը:
Միջոցառմանը մասնակցել են հազարավոր բոստոնցիներ, Մասաչուսեթսի նահանգապետ Դեւալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյանը, ԱՄՆ արեւելյան ափի հոգեւոր ներկայացուցիչները: Դեւալ Պատրիկը, Էդ Մերկին, Թոմաս Մենինոն իրենց ելույթներում կարեւորել են նահանգի հայության ներդրումը Բոստոնի, Մասաչուսեթսի եւ Միացյալ Նահանգների զարգացման եւ բարգավաճման գործում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման, ճանաչման եւ դատապարտման կարեւորությանըՙ այդ առումով ողջունելով Ցեղասպանության հուշարձանի բացումը Բոստոնի կենտրոնում:
Հայկական ժառանգության այգին Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաեւ խորհրդանշում է հայ համայնքի ներդրումը ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ