«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՆ ՈՃԻՑ

Մայիսի 9-ի վաղ առավոտյան հրդեհվեց Երեւանի ակումբներից մեկը, որը միասեռականներն օգտագործում էին նաեւ որպես հավաքատեղի: Անտարակույս, մեր ժողովուրդը չի կարող հաշտվել արատավոր միասեռականություն երեւույթի հետ եւ ամեն կերպ պետք է պայքարի դրա դեմ, սակայն, միեւնույն ժամանակ, թույլատրելի չեն ինքնագլուխ եւ ոչ ժողովրդավարական արարքները: Դժբախտաբար պարզվել է, որ ակումբը պայթեցնողները Իրանի Սպահան քաղաքի ՀՅԴ նախկին ղեկավար եւ բյուրոյի անդամ, հայտնի իրանահայ Թաթուլ Օհանյանի թոռներն են, որոնք բնակվում են Հայաստանում: Այս դեպքի մասին տեղեկություններն ընթերցելիս ակամա հիշում ես, որ այս գործելաոճը նորություն չէ, անցյալում եւս նմանօրինակ փաստեր են գրանցվել մեր` իրանահայ համայնքում, որտեղ անմեղ հայ մարդիկ ենթարկվել են նրանց ահաբեկչությանը միայն այն պատճառով, որ ունեցել են ձախակողմյան կամ այլ հակումներ: Դաշնակցությունը նրանց պիտակել է որպես ազգի դավաճանների ու արդար է գնահատել նրանց ոչնչացումը:

Ձախակողմյան իրանահայերի դեմ Դաշնակցության կիրառած ահաբեկչությունը կարելի է բաժանել երկու փուլիՙ մինչեւ Իրանի Իսլամական հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո: Առաջին փուլում դաշնակցականները ահաբեկչության են ենթարկել երկու անձնավորությանՙ Ջահանգիր Բաղդանյանին եւ Արամայիս Արզումանյանին: ՀՅԴ-ն մատնելով 3 այլախոհ իրանահայերիՙ Կոլյա Զախարյանին, Արամայիս Սարգսյանին եւ Խորեն Ղարախանյանին, պատճառ դարձավ, որ շահի բռնապետական իշխանությունը նրանց ձերբակալի ու սպանի (փաստերը կարելի է գտնել իրանական մամուլում: Բացակայում են հերքումները):

Իսկ երկրորդ փուլում ահաբեկչության ենթարկեցին Սպահանի երկու ազգային գործիչների` Հրաչ Համբարյանին, որը սպանվեց, եւ Սպահանի պետական համալսարանի հայագիտության դասախոս Ազատ Մաթյանին, որը բարեբախտաբար ողջ մնաց եւ ներկայումս հայտնի արձակագիր ու գրող է մեր համայնքում, ճանաչված է նաեւ Հայաստանում: Այս իրադարձությունների մասին պետք է լավատեղյակ լինի նորօրյա հրկեզների պապըՙ Թաթուլ Օհանյանը:

Կարծում էինք, որ Դաշնակցությունը հավանաբար իր անցյալից դաս քաղած կլինի, չէ՞ որ աշխարհը փոխվում է, սակայն մտահոգության պատճառ դարձավ երեւանյան վերջին դեպքը, որտեղ կրկին օգտագործվեցին իրանահայ կուսակցական երիտասարդներ: Ժամանակն է, որ կուսակցության խելոք մարդիկ քննարկեն այս հարցը, դասեր քաղեն անցյալից ու հրաժարվեն նման արարքներից, գիտակցեն, որ եթե բոլորն իրենց նման վարվեն հայրենիքում, քարը քարի վրա չի մնալու:

Միասեռականների դեմ պետք է կիրառվեն պայքարի ուրիշ` քաղաքակիրթ միջոցներ: Ժամանակակից կուսակցությունը պետք է ժողովրդավարական միջոցներով պայքարի բացասական երեւույթների դեմ:

ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4