Մտահոգությունը, որ ժողովրդական գործիքների ու փողային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը նվազում է, կիսում է նաեւ կոմպոզիտոր Արա Գեւորգյանը : Եթե այսպես շարունակվի, հնարավոր է ապագայում դրանք չկիրառվեն:
Նախ երաժշտական դպրոցներում ժող. գործիքների ու փողային նվագարանների բաժիններ դիմողները քիչ են, ապա նույն միտումը շարունակվում է բուհերում: Ըստ Արա Գեւորգյանի` ազգային նվագարանների կիրառումը վտանգված է:
«Խնդրում եմ այդ բաժիններում կրթությունը դարձնել անվճար, որովհետեւ առանց այն էլ դիմորդներ չկան», հավելում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Արա Գեւորգյանը:
Ապա անդրադառնալով իր գործունեությանը` երեկ «Տեսակետ» ակումբում Արա Գեւորգյանը նշեց, որ համագործակցում է «Play station 3» հայտնի ընկերության հետ, եւ վերջինիս արտադրած «Մարտեր առանց կանոնների» համակարգչային խաղում արդեն հնչում է Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը:
Կոմպոզիտորը նաեւ համագործակցում է «Deep Purple» ռոք խմբի մենակատար Յան Գիլանի հետ: Արա Գեւորգյանը պատմում է` Յան Գիլանն առաջարկել է, որ «Holly Water» հայտնի ստեղծագործությանը Արա Գեւորգյանը հայկական ուղղվածություն տա: Բանախոսը համաձայնել է, եւ աշխատանքն արել անվարձահատույց, քանի որ Յան Գիլանին ճանաչում է դեռ 1989 թվականից, երբ միասին կազմակերպել էին նախագիծ Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար:
Արա Գեւորգյանը խոսեց նաեւ խաղաղության թեմայով նախագծից, որին մասնակցելու են երգիչներ աշխարհի տարբեր երկրներից, եւ յուրաքանչյուրն իր երկրում երգելու է իր երկրի լեզվով: Կատարելու են նաեւ հայ երգիչները, եւ երգի վերջին հատվածը լինելու է հայերեն, իսկ տեսահոլովակի վերջին հատվածը նկարահանվելու է Հայաստանում:
Սակայն կոմպոզիտորը բավարար թվով երգիչների դեռ չի գտել, առայժմ մասնակիցներից հայտնի են ֆինն, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ, ամերիկացի կատարողները, իսկ Սելին Դիոնի հետ առայժմ բանակցություններ են ընթանում:
Երգի հայերեն տեքստի հեղինակը Արա Գեւորգյանն է, իսկ անգլերենինը` Դանիել Դեքերը:
Արա Գեւորգյանը մտադիր է դիմել նաեւ արտաքին գործերի նախարարին, որպեսզի նախարարության եւ օտար երկրներում Հայաստանի դեսպանատների օգնությամբ կարողանա գտնել օտարազգի կատարողների, որոնք կմասնակցեն նախագծին: Կոմպոզիտորն ասում է` կուզենար Շառլ Ազնավուրը նույնպես մասնակցեր, եւ հենց նա բացեր նախագիծը, սակայն Շառլ Ազնավուրի հետ խոսել դեռ չի հաջողվել:
Անկախ ամեն ինչից, խաղաղության թեմայով նախագծերը, ըստ բանախոսի, բոլոր ժամանակներում էլ տեղին են:
Ի. Պ.