«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ»

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը ժամանակակից հայ մշակութային կյանք մտավ հստակ գեղագիտական կողմնորոշումներով, չափանիշներով ու ծրագրերով. անուրանալի է այն նոր շունչը, կուլտուրան, որ նա բերեց մեր արվեստային դաշտ: Եվ ոչ միայն ցուցադրվող գեղարվեստի գործերով, նաեւ դրանց մատուցման-ներկայացման ճաշակովՙ նորությամբ եւ արդիականությամբ: Իրապես արվեստի այս կենտրոնը արժեքային համակարգի իր համոզմունքներով վարում է ճիշտ քաղաքականությունՙ քարոզելով ինչպես հայ, այնպես էլ օտար արվեստի հայտնի ու անհայտ այնպիսի գործեր, որոնք կրողն են իրենց ժամանակի մի որեւէ առանձնահատկության եւ անպայմանորեն նորարարական են: Այս իմաստով լավագույն հնարավորություն է ընձեռված մեր քաղաքի արվեստասերներինՙ ծանոթանալու արտերկրի արվեստային աշխարհում տեղի ունեցող շարժումներին ու դրանց արտահայտությունների որոշ նմուշներին: Այս ընթացքում «Գաֆէսճեան» կենտրոնը բացի ցուցահանդեսներից, մի շարք նոր ծրագրեր է կյանքի կոչել: Առաջին անգամ մեզանում մտահղացվեց եւ իրականացվեց մի շատ հետաքրքրական նախագիծՙ հայաստանաբնակ արվեստի մասնավոր հավաքածուորդներին բացահայտելու եւ նրանց անձնական հավաքածուի գործերը հանրությանը ներկայացնելու: Նախագծի առաջին իրագործումըՙ «Երեւանյան կոլեկցիոներների ընտրությունը» խորագրով, կայացավ անցած ուրբաթ, կենտրոնի «Արծիվ» սրահում:

Նախորդած 4 ամիսների աշխատանքից, կենտրոնի աշխատակիցների եւ հավաքածուորդների փոխշփումներից ու փոխըմբռնումներից ծնված այս իրագործումը ներկայանալի է թե՛ նկարների ցուցադրությամբ, թե՛ հրատարակված կատալոգի գրավիչ բովանդակությամբ: ««Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի նախաձեռնությունըՙ բացահայտել հայաստանաբնակ մասնավոր կոլեկցիոներներին եւ ցուցադրել նրանց արվեստի հավաքածուները, աննախադեպ է հայ իրականության մեջ: Այս մարտահրավերային նախագծով «Գաֆէսճեան» կենտրոնը ստեղծում է եզակի մշակութային պլատֆորմ այլ մասնավոր հավաքածուներիՙ թանգարանային միջավայրում ցուցադրման համար, նորովի վերահաստատելով կոլեկցիոների հանրային դերն ու ներդրումըՙ որպես մշակութային ժառանգության պահպանման կրողի», կատալոգի առաջաբանում գրում է ԳԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը :

Նախագծի գաղափարի, որի հեղինակն է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հոգաբարձու Օտտո Թոերը , տվյալ իրականության, որոշակի ժամանակահատվածի արվեստային միջավայրի հետաքրքրությունների այսօրինակ բացահայտումը, ունի հանրային-մշակութային մեկ այլ նշանակություն եւս: Ինչպես արվեստաբան, ցուցադրության համադրող Լիլիթ Սարգսյանն է նկատում, նախագծի նպատակը մասնավոր կոլեկցիոներներիՙ տվյալ մշակութային համակարգում, գեղարվեստի միջավայրում, նաեւ շուկայի ձեւավորման մեջ կատարած դերի արժեւորումն է, արդյոք երեւույթն իր ձեւով չի՞ նպաստում մշակութային արժեքների պահպանմանը: Եվ սա հաստատվում է այն իրողությամբ, որ թանգարանային ցուցանմուշները հարստանում են մեծ մասամբ նվիրատվություններով, իսկ շատ թանգարաններ ուղղակի կայացել, հիմնադրվել են միմիայն նվիրատվությունների շնորհիվ, ինչպես հենց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (Ջերալդ Գաֆեսճյանի նվիրատվություն), Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի նվիրատվություն), Միջին Արեւելքի թանգարանը (նվիրատուՙ Մարկոս Գրիգորյան), Հարություն Կալենցի տուն-թանգարանը (ընտանեկան հավաքածու) եւ այլ թանգարաններ:

Նախագծի հասարակական նշանակությունը նաեւ մասնավոր սեփականությանՙ հանրային արժեք դարձնելու գիտակցության արթնացումն է, մանավանդ մասնավորեցման ներկայիսՙ հաճախ ծայրահեղացման, երբեմնՙ մոլուցքի պայմաններում: Սա մի փորձ է մասնավորեցման համընդհանուր մտածողությունը բեկելու-փոխելու: Ծրագրի շարունակության ապահովումը բնականաբար լուրջ աշխատանք եւ հետեւողականություն է պահանջում, մանավանդ որ շատ կոլեկցիոներներ կողմ չեն այսպիսի «բացահայտումների»:

Երեւանյան կոլեկցիոներների շրջանակները, ըստ Լ. Սարգսյանի, կազմում են 2 հիմնական խմբերՙ մասնագիտական (արվեստի ոլորտի մարդիկ, մտավորականներ), որոնց հավաքածուն հիմնականում գոյացնում է ընտանեկան, ազգակցական-ընկերական միջավայրի նվիրատվության կամ փոխանակման ճանապարհով եւ ոչ մասնագիտական (գործընկերներ, արվեստասերներ, պաշտոնյաներ), որոնք արվեստի գործեր ձեռք են բերում ֆինանսական ներդրումով:

Նախագծի անդրանիկ ցուցադրության հեղինակները կոլեկցիոներների առաջին խմբին են պատկանումՙ Պողոս Հայթայան ՙ արվեստաբան, Ռոբետ Էլիբեկյան ՙ գեղանկարիչ եւ Օշին Եղիազարյանց ՙ ճարտարապետ: Նրանց այս սեփականությունըՙ արվեստի գործերի, ընտանեկան մթնոլորտի իրենց պատկանելությունից դուրս գալով, 3 ամիս կհյուրընկալվեն «Գաֆէսճեան» կենտրոնի այս սրահում, դառնալով հանրային ուշադրության կրիչներ: Երեք կոլեկցիոներները, առաջին երկուսը հանրածանոթ անուններ, Օշին Եղիազարյանցըՙ ծագումով պարսկահայ, Հայաստան տեղափոխվել է 1999 թվականինՙ Փարիզից, արվեստի միջավայրի ծնունդ են, դրա կրողներից ու ստեղծողներից: Պողոս Հայթայանը, Էլիբեկյանները կես դար եւ ավելի ժամանակակից հայ արվեստի բուն կենտրոնում են, 60-ականների գեղագիտական շարժման անմիջական մասնակից, ավանգարդ-առաջադեմ մտածողության ջատագովներ, արվեստային շարժումներին ու երեւույթներին տիրապետողներ, բնականաբար, այդ միջավայրը ձեւավորողներից են, եւ պատահական չէ նրանց հայտնվելը կոլեկցիոների կարգավիճակում: Ռոբերտ Էլիբեկյանի խոսքը, թեՙ հավաքածուն արտահայտում է իր ապրելակերպը, որ դա ինքնանկար է, կամ ստեղծագործության շարունակություն, այստեղ կարելի է ընդհանրացնել:

Հավաքածուների ընտրանին ներկայացնում է 38 հայ արվեստագետների (միայն մեկըՙ ազգությամբ ռուս) 60-ից ավելի գործերՙ մեր ժամանակներին պատկանող, բացառությամբ Հակոբ Հովնաթանյանի (XIX դ.) «Տղամարդու դիմանկարը» կտավից (Օշին Եղիազարյանցի հավաքածու), որ թվագրությամբ ամենահինն է: Այստեղ կարելի է հանդիպել Գառզուին, Էդ. Շահինին, Ա. Շաբանյանին, Ե. Թադեւոսյանին, Ջոտտոյին, Հ. Գյուրջյանին, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանին, Մինաս Ավետիսյանին, Երվանդ Քոչարին, Հարություն Կալենցին, Վարուժան Վարդանյանին, Մարտին Պետրոսյանին, Արա Շիրազին, Սեյրան Խաթլամաջյանին, Էդվարդ Խարազյանին եւ իհարկե, Ադալյան, Էլիբեկյան, Հայթայան ընտանիքներին: Արվեստագետներ, որոնք ունեն գեղագիտական չափանիշների, արտահայտչաձեւերի խիստ տարբերություններ, սակայն, ժամանակի թելադրանքՙ ոճի ու մտածողության ընդհանրություններ: Այստեղ խաչաձեւվում են արվեստագետների ճանապարհներ ու նկարների ճակատագրեր: Դու կարող ես լոկ ճամփորդի հայացք գցել արվեստի այդ ընթացքին, ենթադրել կուլիսների հետեւում անցած կյանքն ու բոհեմը, դրա դժվարություններն ու հաճույքը, թեկուզ երկու նկարի օրինակով նկատել ծանոթ նկարչի ձեռագրի ու ոճի կտրուկ փոփոխություններ (Մարտին Պետրոսյան, Սեյրան Խաթլամաջյան), մեկ-երկու նկարով փորձել հասկանալ նկարչին, զգալ նրա ստեղծագործության ներքին էներգիան, հայտնաբերել անակնկալներ ու խորքեր, ինչպես Ռուբեն Ադալյանի «Մելանխոլիան», Արա Հայթայանի գույնի հագեցվածությամբ նատյուրմորտըՙ կտավին «կամք պարտադրող», բացահայտել նոր անուններ, ինչպես Նվարդ Հայթայան նկարչին, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան գեղագետին: Կրկին զգալ Վաղարշակ Էլիբեկյանի քաղաքային միջավայրի ու բնության փոխհարաբերության նրբահյուս խաղը, Ռոբերտ Էլիբեկյանի գույնի միստիկան, երեւակայության երազը, կյանքը վարագուրող խաբուսիկ շղարշը, Արեգ Էլիբեկյանի փարիզյան մթնոլորտի բանաստեղծական ներթափանցումները, Հարություն Կալենցի, Սեյրան Խաթլամաջյանի կտավների թափանցիկությունը, մեկի գունային հաստատուն բնույթն ու հավատամքը, մյուսի անորսալի խայտանքըՙ թափառող երազի: Այս ամենը, այս ողջ հավաքածուն սիրո, հույսի, նվիրումի տրամադրություններ, մարդկային ապրումների ալեբախումներ ենՙ գեղեցկության որոնումների:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. Չնայած Ռոբերտ Էլիբեկյանի ասածին, թե նկարները, իրենց առանձնացումից դուրս գալով հանրային տարածք, մեր հայացքներից հարստանում կամ նոր արժեք են ստանում, ինձ միշտ թվում է նրանքՙ այդ նկարները, շատ ինքնաբավ ենՙ իրենց նախաստեղծ էներգիայով ներամփոփ ու պաշտպանված եւ խաղաղ են, երբ մարդկանց հայացքները հանգիստ են թողնում իրենց: Եվ իրենք ճիշտ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4