Դեղնամորթների, սեւամորթների ու իսպանախոսների համար հայերեն սովորելը օրակարգային խնդիր է դարձել
Գլենդեյլում էթնիկ փոքրամասնությունները բավական խայտաբղետ են` հայեր, մեքսիկացիներ, հնդիկներ, չինացիներ, կորեացիներ, տաիլանդցիներ, ֆիլիպինցիներ: Լոս Անջելեսի շատ բնակավայրեր նրանց համայնքների անուններով էլ կոչվում են` Koreatown Little Armenia, Thaitown, Little Bangladesh. Գլենդեյլի 250 հազար բնակիչների 100 հազարը հայեր են` Հայաստանից, Պարսկաստանից, Բեյրութից, Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից արտագաղթած: Օտարալեզու էմիգրանտների խառնարանում հայերը ճանաչված են հատկապես իրենց տաղանդավոր բժիշկներով, փաստաբաններով, առեւտրային մեծ ու փոքր կենտրոններ հիմնած գործարարներով եւ իհարկե իրենց ակտիվ ու նախաձեռնող խառնվածքով:
Հայերը փոքրամասնություն են, որի հետ անպայման հաշվի են նստում մյուս փոքրամասնությունները: Եվ եթե աշխարհում կարող է լինել մի վայր, ուր հայերենը, հայ խոսքը գերակա դեր ունի, ապա Գլենդեյլը հենց այդ տեղը կարելի է համարել:
Գլենդեյլի կենտրոնում տեղավորված հրուշակի մի վաճառասրահից մի քանի կտոր թխվածք գնեցի եւ անգլերեն հարցրեցի գինը` «5 ու քառասուն, քույրիկ ջան», անսխալ հայերենով պատասխանեց շեղաչք չինացի վաճառողը:
Իմ զարմացած հայացքին ի պատասխան նա բացատրեց` բիզնեսի խնդիր է, հայերեն պիտի իմանաս, որ կարողանաս շփվել «շատ-շատ» հայ հաճախորդների հետ:
Ներքաղաքային թիվ 7 ավտոբուսի պարսիկ վարորդը ուղեւորների հետ հաղորդակցվում է հայերենի հստակ շեշտադրումներով: Մեքսիկացի բուժքույրը պատմեց, որ հայերեն սովորում է, որովհետեւ ծերանոցի բնակիչների գերակշռող մասը հայեր են: Բազմաթիվ հիվանդանոցներում, տարեցների խնամքի կենտրոններում, կառավարական ծրագրերի սպասարկման կետերում անգլերենի հետ նաեւ հայատառ հայտարարություններ ու պաստառներ կան փակցված, իսկ փողոցներում գովազդային վահանակները ներկայացվում են նախ հայերենով, ապա նոր` անգլերեն: Վերջին դեպքում տվյալ օբյեկտի տերն անպայման հայ է լինում: Ցեղասպանության տարելիցի օրը, ի նշան հարգանքի, չէին գործում ամերիկյան կրթական հաստատություններից շատերը:
Եվ զարմանալի մի փաստ էլ, որ տեղեկացա հայոց լեզվի մի ուսուցչուհուց: Դավթյան-Մարիամյան կրթական հաստատության կազմակերպած հայերենի դասընթացներին մասնակցում են նաեւ մեքսիկացի, ռուս աշակերտներ: «Մեքսիկ աշակերտ ունեմ, որ հրաշալի կարդում ու գրում է հայերեն, եւ հայ աշակերտներս էլ, նրան նայելով, ոգեւորվում են, եւ իրենք էլ լավ պատրաստվում դասերին», ասաց նա:
Բայց ամենամեծ անակնկալը սեւամորթ բոմժն էր, որ ողորմությունն ընդունելուց հետո կոտրված հայերենով ասաց` «Շնորհակալություն, քույրիկ ջան»: Հետո պատմեց, որ հայերին շատ է սիրում, որովհետեւ մյուսներից շատ ավելի «լավ են նայում իրեն»: Եվ ի նշան երախտիքիՙ ինքը որոշել է լավ հայերեն սովորել: Շատ է ցանկանում գնալ ու տեսնել Երեւանը, որի մասին իրեն պատմել է իր բախտակից հայ բոմժը:
Սփյուռքահայության մայրաքաղաք համարվող Գլենդեյլում ներքին չգրված օրենքով հայերենի իմացությունը դեղնամորթների, սեւամորթների ու իսպանախոս ամերիկացիների համար օրակարգային խնդիր է դարձել, եւ նրանք հաճույքով փորձում են տիրապետել իրենց խիստ օտար այս լեզվին:
Կալիֆոռնիայում հայերենի կարգավիճակը մոտավորապես կարելի է բաղդատել իսպաներենի հետ, որ հատկապես ԱՄՆ-ի արեւելյան ափում երկրորդ լեզվի հավակնություն ունի: Այստեղ ապրող այլազգիները, որոնց թվում եւ հայերը, փորձում են անգլերենի հետ նաեւ իսպաներեն սովորել:
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդեյլ