Կալիֆոռնիայի Ստամբուլահայերի կազմակերպության կենտրոնում (Շերման Ուեյ, Ուինետկա, Լոս Անջելես) ապրիլի 29-ին տեղի է ունեցել Կալիֆոռնիա համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի ուսումնասիրությունների ծրագրի բարեկամների տարեկան ճաշկերույթը, որի ընթացքում հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար «Գրիգոր Նարեկացի» մեդալով պարգեւատրվել է փարիզաբնակ բանաստեղծ, վիպասան եւ գրաքննադատ Գրիգոր Պլտյանը:
Վերջինս Լոս Անջելեսում գտնվելու առիթը օգտագործելովՙ մայիսի 1-ին «Ժամանակակից գրականության հարցեր» թեմայով բանախոսություն է կարդացել Գլենդեյլի հանրային գրադարանում: Պլտյանը փիլիսոփայության եւ համեմատական գրականության գծով 2 դոկտորական է պաշտպանել Սորբոնի համալսարանում: Հեղինակ է 30-ից ավելի հատորների (բանաստեղծությունների ժողովածու, վեպ եւ գրաքննադատական հոդվածներ, թարգմանություններ եւ այլն): Ծնվել է Բեյրութում, դասավանդել Հայկազյան քոլեջում: Ներկայումս Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթության ազգային ինստիտուտի դասախոս է:
Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվությանՙ «Նարեկացի» մեդալը սրանից առաջ շնորհվել է Մայքլ Հակոբյանին (Կալիֆոռնիա), Պերճ Զեյթունցյանին (Հայաստան), Նինա Գարսոյանին (Նյու Յորք), Անտոնիո Արսլանին (Իտալիա), Վաչե Պարսումյանին (Կալիֆոռնիա) եւ ուրիշների:
Հ. Ծ.