«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 2 ՄՐՑԱՇԱՐԻ

ԱՄՆ-ի Չիկագո եւ Բուլղարիայի Ալբենա քաղաքներում մեկնարկող շախմատի միջազգային մրցաշարերին կմասնակցեն նաեւ հայ շախմատիստները: Չիկագոյում վաղը մեկնարկող մրցաշարում Հայաստանը կներկայացնի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը: Շվեյցարական մրցակարգով, 9 տուրով անցկացվելիք մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար դոլար է, որից 10 հազարը կստանա հաղթողը:

Հայաստանն ավելի ներկայացուցչական կազմ կունենա մայիսի 26-ին Ալբենայում մեկնարկող մրցաշարում: Մրցանակների համար կպայքարեն Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Նելլի Աղինյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Վահե Բաղդասարյանը:

Մրցաշարին մասնակցելու նախնական հայտ են ներկայացրել 214 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով 9 տուրով անցկացվելիք մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 40 հազար եվրո է: Հաղթողը կստանա 6 հազար եվրո: Ալբենայի մրցաշարի մասնակիցների ցանկը գլխավորում է Վլադիմիր Հակոբյանը, որն ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2697): Վերջին շրջանում Հակոբյանը հաջող ելույթներ է ունենում եւ բոլոր նախադրյալներն ունի կրկին ընդգրկվելու 2700 եւ ավելի վարկանիշ ունեցող էլիտար գրոսմայստերների շարքը:

Հակոբյանից հետո իրենց վարկանիշներով լավագույն տասնյակում են բուլղարացիներ Կիրիլ Գեորգիեւը (2689) եւ Իվան Չեպարինովը (2673), ավստրիացի Մարկուս Ռագերը (2670), Տիգրան Պետրոսյանը (2657), հնդիկ Աբհիջեթ Գուպտան (2644), Հրանտ Մելքումյանը (2642), հոլանդացի Յան Սմիթսը (2620), բուլղարացի Աթանաս Կոլեւը (2602) եւ ուկրաինացի Մարտին Կրավցիվը (2588):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4