ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի պարզաբանումներից եւ ավելի ուշ տարածված ՀՀԿ հայտարարությունից հետո այնքան էլ չպարզվեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր երեկ առավոտյան անսպասելիորեն տարածված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից հետո, որով ԲՀԿ-ում աննպատակահարմար են համարում կոալիցիայի կազմումը: Այդպես էլ անորոշ է դեռ` ԲՀԿ-ական նախարարներ լինելու ե՞ն կառավարությունում, այլ ուժեր եւս արտացոլված կլինե՞ն գործադիրում, թե՞ առհասարակ բոլոր գործադիր պաշտոններն իրացնելու է ՀՀԿ-ն` իր գործընկեր ՕԵԿ-ի հետ միասին: Է. Շարմազանովն ասում էր, թե ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ, եւ պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները` ընդդիմադիր թե իշխանական դաշտից, բայց նաեւ` քանի որ մեծամասնություն է, պատրաստ է ողջ պատասխանատվությունը ստանձնել եւ իրականացնել այն ծրագրերը, որի համար հասարակության մեծամասնությունը ՀՀԿ-ին ձայն է տվել. «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ՀՀԿ-ի հետ շարժվել առաջ, եւ համագործակցությունը «Օրինաց երկրի» հետ կշարունակվի: «Բարգավաճ Հայաստանի» մասով էլ` մենք հարգանքով ենք վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաեւ ցանկացած քաղաքական ուժի քաղաքակիրթ որոշմանը, դա բացառապես «Բարգավաճ Հայաստանի» որոշումն է, իրենց ներքին խնդիրն է, որեւէ մեկնաբանելու բան չկա», ասաց նա:
Նիստում որեւէ պաշտոնի հարց չէր քննարկվել. «Մինչեւ մայիսի 31-ը ՀՀԿ գործադիրի եւս մեկ նիստ կգումարենք եւ այդ բոլոր հարցերը կքննարկենք: Բայց քանի որ մեծամասնություն ենք ստացել` եւ վարչապետի, եւ ԱԺ նախագահի պաշտոնները կտնօրինի ՀՀԿ-ն»: ԲՀԿ-ական նախարարների պաշտոնում մնալ-չմնալու հետ կապված` Շարմազանովը խորհուրդ տվեց լավ նայել ԲՀԿ հայտարարությունը եւ այնտեղ փնտրել պատասխանը: Անակնկա՞լ էր արդյոք ԲՀԿ որոշումը` կոալիցիա չկազմելու մասին. «Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում, բոլոր սցենարները հաշվարկում ես: Բացի այդ` անակնկալը քաղաքական կատեգորիա չէ` մենք հարգանքով ենք վերաբերում բոլոր քաղաքական ուժերի մինչեւ հիմա արված քաղաքական հայտարարություններին», ասաց ՀՀԿ խոսնակը:
ՀՀԿ 67 ինքնաբացարկներին Շարմազանովը գումարեց եւս երկուսը` ավելի վաղ ինքնաբացարկ էին ներկայացրել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ սոցապ փոխնախարար Արտեմ Ասատրյանը, այդպիսով` 253 հոգանոց ցուցակից` 69 ինքնաբացարկ:
2013-ին նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, չնայած ՀՀԿ-ն ժողովրդավարական կանոններով գործող բոլոր ուժերի հետ պատրաստ է մրցակցել, բայց ֆավորիտը միանշանակ Սերժ Սարգսյանն է:
Ավելի ուշ մայիսի 31-ի ԱԺ առաջին նիստին ընդառաջ ՀՀԿ-ն երեկ տարածեց հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն եւ շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը:
Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին այն բանի համար, որ բոլորիս մասնակցությամբ հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել մեր երկրում:
Մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը տրված գնահատականի եւ նորից վստահելու համար:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտում է քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ձեւավորված դրական միջավայրն ամրապնդելու եւ զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարում է.
1. Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, մենք, ինչպես եւ նախկինում, հանդես ենք գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:
2. Այդ համատեքստում, մենք պատրաստակամ ենք քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` ի նպաստ մեր պետության զարգացման եւ յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն:
3. Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ եւս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն` հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում»: