Երբ հարաբերությունները նորմալ չեն, ամեն մի մանրուք կամ անգամ սովորական իրավիճակ կարող է միանգամից բացասական ռեակցիա առաջացնել, չնայած առերես կարող է դեռեւս ծավալվել ժպիտների քաղաքակիրթ փոխանակման փուլը: Իրան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացումը ակնբախ է, ընդ որում` բավականին խոր ու դժվար լուծելի խնդիրների մի «փնջով»:
Ու փոխադարձ մեղադրանքներն էլ չեն ծառայում այդ հարաբերությունների լավացմանը` ադրբեջանական իշխանությունների համար երբեմն անորոշ թողնելով «ինչպես արձագանքել» պատասխանը, թեեւ, ադրբեջանական լրահոսի համաձայն, հարեւան երկրում դեռ կան մարդիկ, որ տառացիորեն ամեն ինչ, ուղղակի ամեն ինչ պատրաստ են կապել հայերի հետ, ավելին, աշխարհիս բոլոր մեղքերում մեղադրել հայկական սփյուռքին: Ադրբեջանում այսօրինակ կեցվածքն ու մոտեցումը իշխանությունների ձեռնունայն վիճակի «պահեստային» զենքն է, երբ այլ ասելիք չի լինում` հայերին միշտ կարելի է «մեղավոր» ներկայացնել:
Պաշտոնական հարթակներում էլ Ադրբեջան-Իրան հայտարարությունների փոխանակումները հարաբերություններում լրջագույն խնդիրների առկայության մասին են վկայում, միեւնույն ժամանակ, տարօրինակորեն, առերեւույթ դուրս թողնելով Ադրբեջան-Իսրայել ջերմացող հարաբերությունների դերակատարության մասին որակումները:
Վերջին երկու օրվա ընթացքում ոչ միայն Իրանի դեսպանն է լքել Բաքուն` հետ կանչվելով խորհրդակցությունների, այլեւ խնդիրներ են առաջացել ադրբեջանա-իրանական սահմանին: Այդ առնչությամբ ադրբեջանական մամուլը փոխանցում է, որ դեռեւս մայիսի 22-ի երեկոյան իրանական կողմից սահմանապահները երկու սահմանային իրանա-ադրբեջանական անցակետերում սահմանափակել է բեռնատար ու մարդատար տրանսպորտի անցումը` թույլատրելով սահմանը հատել միայն ավտոբուսներին: Իրանական կողմն, ըստ Ադրբեջանի, անգամ բացատրություն չի տրամադրել իր սահմանափակումների համար:
Կողմերը բանակցում են հարցի առնչությամբ, թեեւ Ադրբեջանի ներկայացուցիչները սպասում են բացատրության, ընդ որում, ոչ միայն սահմանին ներմուծված սահմանափակումների առնչությամբ: Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը «Ազերիպրես» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի դեսպանի հետկանչին ու նշել, որ թեեւ դիվանագետին խորհրդակցույունների համար երկիր հետ կանչը նորմալ երեւույթ է, սակայն «հակաադրբեջանական քարոզչության առումով» Իրանից դեռեւս պաշտոնական բացատրություն չի տրվել:
Չնայած Հասանովը սպասում է բացատրությունների ու դեռ հարցազրույցում նշում, թե Ադրբեջանում Իրանի հոգեւոր առաջնորդների հասցեին վիրավորանք չի հնչեցվել, հակառակը, այդ առաջնորդները գլխավորում են հակաադրբեջանական շարժումը Իրանում, Իրանի արտգործնախարար Ալի Ակբեր Սալեհին երեկ արդեն իսկ պաշտոնական վերաբերմունք է արտահայտել Իրան-Ադրբեջան վերջին օրերի լարվածության առնչությամբ: Ադրբեջանական մամուլը, մեջբերելով իրանականին, նշում է, որ, Սալեհիի խոսքերով, Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ «անցանկալի ու անհավատ գործողություններ» են կատարվել: «Հույս ունենք, որ ադրբեջանական կառավարությունը կդատապարտի անհավատ քայլերը եւ թույլ չի տա նման գործողությունների կրկնություն», ասել է Սալեհին:
Ակնհայտ է, որ Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ հակաիրանական հայտարարություններ արած կառավարամետ ուժերի ներկայացուցիչների արարքը, ի մասնավորի Հասանովի մոտեցմամբ, չի ընկալվում որպես վիրավորանք իրանական հոգեւոր առաջնորդների նկատմամբ, ուստի դատապարտման դժվար թե արժանանա:
Ամեն դեպքում, ըստ որոշ շրջանառվող տեղեկությունների` Ադրբեջանում նախապատրաստում են Իլհամ Ալիեւի այցը Թեհրան, որ կարող է տեղի ունենալ օգոստոսին: Թերեւս մինչ այդ փորձեր արվեն «բարելավելու» ադրբեջանա-իրանական հարաբերությունները, կամ այդ փորձերը կարվեն արդեն ամենաբարձր մակարդակով` Ալիեւի իրանական այցելության ժամանակ:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ