Վերջին շրջանում թուրքական կողմն ամեն գնով ու տարբեր հարթակներից փորձում է աշխարհին ներկայացնել, թե հայ-թուրքական գործընթացը դեռ կենդանի է, թե իբր ինչ-որ հանդիպումներ են տեղի ունենում, անգամ իբր թուրք արտգործնախարարը հանդիպումներ է նախատեսում նաեւ սփյուռքյան շրջանակներում:
Ամեն դեպքում, Հայաստանը բոլոր անհրաժեշտ առիթների դեպքում հիշեցնում է սեփական դիրքորոշման անփոփոխությունը առ այն, որ քայլ անելու հերթը Թուրքիայինն է, ընդ որում, նույնական դիրքորոշում արտահայտելով հայ-թուրքական գործընթացի առնչությամբ հետաքրքրություն դրսեւորած գերտերությունների ներկայացուցիչների հետ, երբ վերջիններս եւս համաձայնել են, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», տվյալ դեպքում, մնացել:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին լավատեսական նոտաներով փորձել է հիշել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` ելույթ ունենալով ԱՄՆ Սթանֆորդի համալսարանում: Թուրքական մի քանի լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ լիդերության մասին իր ելույթում առաջնորդի` ռիսկի գնալու մասին սեփական դատողություններին որպես փորձով ձեռք բերված օրինակ Գյուլը հիշել է «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում 2008-ին Հայաստան իր այցելությունը:
Հետաքրքրական է, որ Գյուլը, «ռիսկային» այդ քայլն այդուամենայնիվ ճիշտ գնահատելով, ինչպես իր, այնպես էլ Հայաստանի նախագահի Թուրքիա այցելությունն է ռիսկային որակել ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական տեսանկյունից, հույս հայտնելով, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առումով այդօրինակ այցերը հույս ներշնչող են:
Ա. Հ.