«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ԶԵԿՈՒՅՑ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարդու իրավունքների հարցերով միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» կազմակերպության խնդրանքով զեկույց է պատրաստել ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի քաղաքական-իրավական ասպեկտների մասին:

«Երկիր» միության տեղեկացմամբ, «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները եւ Չախալյանն ընդդեմ Վրաստանի» վերնագիրը կրող զեկույցում Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա, ինչպես նաեւ վրացահայության եւ ջավախահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականության համատեքստում ներկայացվում է ջավախահայ քաղաքական գործչի ձերբակալման եւ դատավարության, ինչպես նաեւ հետդատական գործընթացների պատմությունը:

«Ազգը» ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Վահագն Չախալյանի ձերբակալության պատմությունն ու դատական գործընթացը: Հիշեցնենք, որ Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008 թ. հուլիսի 21-ին: 2009 թ. ապրիլի 7-ին նա կոպիտ խախտումներով ուղեկցվող դատավարությամբ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» եւ «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով: Վահագն Չախալյանի գործը ներկայումս քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Լեզվական եւ փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին վերաբերող 5 մենագրությունների, շուրջ 150 գիտական հոդվածների եւ 26 լեզուներով հրատարակված զեկույցների հեղինակ Ֆերնան դը Վարենի պատրաստած փաստաթղթում առանձին բաժին է նվիրված Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների իրավունքների հիմնական խախտումներին, որոնք տեղի են ունեցել ինչպես նախքան դատավարությունը, այնպես էլ դատավարության ընթացքում եւ որոնք կոպտորեն ոտնահարում են նրա արդար դատաքննության եւ այլ իրավունքները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4