«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ, ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ...

Չգիտենք` ի՞նչն է ինչին հաջորդել, ու նախ ԲՀԿ նախագահի հայտարարությո՞ւնն է եղել, թե՞ ԿԸՀ ինքնաբացարկի դիմումները, բայց վերջինն արդեն կայացած փաստ է. երեկ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀԿ համամասնական ցուցակից 67 մարդ, այդ թվումՙ երկրի նախագահը, վարչապետը, Երեւանի քաղաքապետը եւ գործադիրի ՀՀԿ-ական նախարարներն ու այլ պաշտոնյաներ: Դեռեւս գործող Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորներից ոչ մեկը ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: ԲՀԿ համամասնական ցուցակից եւս 28 մարդ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, որոնց թվում են Հմայակ Հովհաննիսյանը, Թամարա Պողոսյանը, Խաչիկ Գալստյանը, Հրանտ Մադաթյանը, Արամ Սաֆարյանը, նախարարներ Վարդան Վարդանյանը եւ Հարություն Քուշկյանը, Մարինե Բոգդանյանը, Հռիփսիմե Ավետիսյանը, Վազգեն Պողոսյանը, Շուշան Հակոբյանը, Սուսաննա Հակոբյանը, Արթուր Թամազյանը, Վազգեն Պողոսյանը, Ռուզաննա Գեւորգյանը, Արթուր Գրիգորյանը, Վահրամ Առաքելյանը, Տաթեւ Շուխյանը, Արմեն Այվազյանը, Արսեն Աղաբաբյանը, Նելլի Աթոյանը, Արսեն Ավագյանը, Տիգրան Մանուկյանը, Վեներա Գումլիյանը, Վարդան Գրիգորյանը, Արայիկ Ալեքսանյանը, Դիանա Ղուկասյանը, Մխիթար Հարությունը, Սուսաննա Հակոբյանը եւ Սարգիս Ավետիսյանը:

Ընդ որում` միայն Հ. Հովհաննիսյանի մասով կարելի է ասել, թե նա սկզբունքորեն չի հայտնվի ո՛չ խորհրդարանում, ո՛չ այլ պաշտոնի (չնայած` պաշտոնի մասով ի՞նչ իմանաս), սակայն մյուսների դեպքում դժվար է ասել դեռ` նրանք պաշտոննե՞ր են ստանձնում, թե՞ տեղ են ազատում այլ մարդկանց խորհրդարան անցնելու համար:

Ընդհանրապես` համամասնական կարգով պատգամավորության թեկնածուները, եթե ինքնաբացարկի դիմում են որոշել գրել, կամ նրանց ստիպում են դա անել, ապա դա պետք է անեն մինչեւ այսօրվա ժամը 18-ը, որին կհետեւի արդեն համամասնականով խորհրդարան անցած պատգամավորների ընտրվելու վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը: Իսկ մանդատները նոր խորհրդարանի նոր պատգամավորները կստանան հավանաբար մայիսի 29-ին:

Իսկ դեռեւս չտեղեկացվածների համար նշենք, որ երեկ հայտարարություն էր տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որտեղ ասվում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու աննպատակահարմարության մասին: Հայտարարությունը հաջորդել է նախագահ Սարգսյան եւ Գագիկ Ծառուկյան հանդիպմանը, սա ոչ պաշտոնական տեղեկություն է, որից իբր ստացած լուրերի արդյունքում մի շարք թերթեր վերլուծականներ էին գրել, թե կոալիցիա կազմելու համաձայնություն է ձեռքբերվել: Առիթ կունենանք դեռ այս հայտարարությամբ ստեղծված նոր քաղաքական իրավիճակին անդրադառնալու, ներկայացնենք հայտարարությունըՙ ամբողջությամբ, կարեւորելով շեշտադրումները:

«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ եւ իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:

Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականությունՙ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:

Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4