«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ԱՌԱՋՆԱՀԵՐԹԸՙ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհում պարենային անբավարարության ու գենետիկական վերափոխված սննդատեսակների շուրջը հայաստանյան տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներում հատկապես վերջին շրջանում ծավալվող գործընթացները տարօրինակ կարելի է որակել: Խնդրի առումով իրենց մտահոգություններն են արտահայտում թե՛ լրագրության ասպարեզում առաջին քայլերը կատարող մեր գործընկերները, թե՛ որոշակի առումներով մասնագետ ու պաշտոնյա այրերը: Եթե առաջիններին ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, քանզի ասելիքի պարագայում հիմնականում օգտվում են ձեռքն ընկած տեղեկատվությունից, մտահոգիչ է երկրորդների պահվածքը, ովքեր առավել պարտավոր են ասելիքը հիմնավորել կոնկրետ փաստերով, քանզի այդկերպ է հնարավոր բացահայտել իրողությունը: Այնպես որ երբ գիտական կոչումով ու զբաղեցրած դիրքով մեկը փորձում է, ասենք, Չինաստանը ներկայացնել որպես պարենային խնդիրներ ունեցող երկիր, ինչ է թե այնտեղ, իր կարծիքով, 1,5 մլրդ մարդ է ապրում, երբ երկրի իրական բնակչության թիվը ամբողջ 200 մլն-ով պակաս է, նման մտահոգությունը տագնապի դրսեւորումներ է ստանում: Իսկ կարծես այնքան էլ բարդ գործ չէ տեղեկանալ, որ արդեն որերորդ տարին երկիր մոլորակի վրա արտադրվող 100-120 մլն տոննա խոզի մսի մեջ չինացիների մասնաբաժինը կազմում է մոտ 50 տոկոս: Մեկ չինացու հաշվով ստացվում է տարեկան 40 կգ, որին հավելելով հավի ու ձկան ահռելի քանակները եւ մասամբ տավարի միսըՙ ստացվում է գրեթե եվրոպական ցուցանիշ: Նկատենք, որ երկիրը յուրաքանչյուր տարի արտադրում է 180 մլն տոննա բրինձ, որի փոքր քանակ սկսել է արտահանել, 120 մլն տոննա ցորեն եւ 160 մլն տոննա եգիպտացորենի հատիկ, որն օգտագործվում է ինչպես անասնակեր, այնպես էլ պարենի, սպիրտի եւ բուսական յուղի արտադրության համար: Եվ սա մի երկրում, ուր հիմնական պարենարտադրության համար անհրաժեշտ վարելահողային կարողունակությունը այնքան էլ նպաստավոր չէ. 1 բնակչի հաշվով մոտ 1000 քմ, երբ աշխարհի մի շարք երկրներում այս ցուցանիշը 2500-4000 քմ է, ՌԴ-ումՙ անգամ 10000 քմ:

Պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների ամեն տարի հրապարակվող թվերին ծանոթանալու պարագայում կարելի է հեշտությամբ նկատել, որ անգամ ընդարձակ հողատարածքները չէ, որ պարենային ինքնաբավություն են երաշխավորում: Ռուսաստանը այսպիսի խնդիր ունի, իսկ ահա եվրոպական մի խումբ երկրներ, Հոլանդիան, Դանիան, Բելգիան, որ ունեն ՌԴ-ի հազիվ 4-6 տոկոսը, գրեթե ինքնաբավ են: Տպավորիչ է նրանցից մի փոքր հարավ գտնվող Ավստրիայի ցուցանիշը, ուր 1 բնակչի հաշվով վարելահողային կարողունակությունը գրեթե նույնն է, ինչ Հայաստանումՙ 1700 քմ: Սակայն հայ հողագործներին անհասանելի ձեւով նրանց հաջողվում է այս օրերին 5 կգ կարտոֆիլի վաճառքի դիմաց բավարարվել 99 եվրոցենտ պահանջելով, 2 կգ սոխի դիմացՙ 38 եվրոցենտ: Թե՛ մեկի, թե՛ մյուսի 1 կգ-ը ՀՀ արժույթով ստացվում է 100-ական դրամ, որպիսի գին մենք աշնան ամենաառատ շրջանում անգամ ակնկալել չենք կարող: Իսկ ՀՀ պարենային ապահովության ու գյուղատնտեսության պատասխանատուները անվերջ նշում են մեր մարդկանց ինչ-ինչ անտեսանելի հաջողությունների մասին: Ի դեպ ներկայացված նկարում ավստրիական դրոշի գույների առկայությունը վկայում է գյուղմթերքների տեղական արտադրության մասին:

Հյուրընկալվելով Ավստրիայի 2-րդ, մոտ 300 հազար բնակչությամբ Գրաց քաղաքում, շրջելով թե՛ առանձնատներով, թե՛ 3-4 հարկանի գեղեցկագույն շենքերով ու ժամանակակից բարձրահարկերով հարուստ այս բնակավայրում, հաճախ ես զարմանքի տարօրինակ տրամադրություն ունենում: Երեւանից մի փոքր պակաս տարածք ունեցող այս մշակութային ու գիտական, կրթական ու առողջապահական կենտրոնում կարելի է հեկտարներ ընդգրկող բազմաթիվ հողահատվածների հանդիպել, ուր տարբեր մշակաբույսեր են աճեցվում, որոնց թվում առանձնանում է հատիկի նպատակով աճեցվող եգիպտացորենը: Երեւանում նախապատվությունը տրվում է ներկայիս այգիների տեղերում բարձրահարկ շենքերի աճեցմանը: Գրացի տասնյակհազարավոր առանձնատների բնակիչները հաճույքով ու սիրով ոչ միայն տարբեր նշանակության դեկորատիվ ծաղիկներ ու բույսեր են մշակում, այլեւ պտղատու ծառեր են խնամում, բանջարեղեն աճեցնում, դրանց իրացումը կազմակերպելով քաղաքապետարանի բարյացակամությամբ բացվող, շաբաթվա մի քանի օրերին գործող բացօթյա շուկաներում: Առանձնատներից յուրաքանչյուրում, որոնց տարածքներում կարելի է զրուցարան ու խաղատեղեր, բետոնապատ ու փչովի լողավազաններ տեսնել, այգու հեռավոր մի հատվածում էլ ցանցապատ հարմարություններ կան, ուր լցվում են այգու եւ խոհանոցի գրեթե բոլոր ավելցուկները: Արեւի ու անձրեւի ազդեցության ներքո դրանք 1-2 տարվա ընթացքում հարուստ հումուսի են վերածվում, որով էլ մարդիկ պարարտացնում են իրենց մշակաբույսերը: Այգում որեւէ բան այրելն ուղղակի անընդունելի է այստեղ, բացառությամբ հարմարավետ մանղալների օգտագործման, որոնք թե՛ քարաշեն են, թե՛ մետաղից պատրաստված: Պատկերացնում եմՙ ինչպես կարձագանքեն ավստրիացիները, եթե անզգուշորեն հանկարծ պատմեմ, որ Հայաստանում մասնագետները այգիները ցրտահարումից պաշտպանելու նպատակով խորհուրդ են տալիս անվադողեր այրել: Վստահ եմՙ յուրաքանչյուր ավստրիացի կպնդի, որ իրենք այնչափ հարուստ ու առողջ չեն, որ անվադողեր այրեն, սննդի ու կենցաղային այլ թափոնների էլ անիմաստ աղբակուտակումներ առաջացնեն: Վերամշակման եղանակով օգտագործվում է ամեն ինչ, սկսած ճկութաչափ մարտկոցներից, մինչեւ հազարավոր տոննաների հասնող էտված ու ձեւավորված ծառերի ճյուղերը: Մեզանում երկրորդային համարվող հումքի օգտագործման ավստրիական ընկերությունները այսօր գործունեություն են ծավալում ԱՄՆ-ից մինչեւ ՌԴ ընկած երկրներում, մրցակցում են գերհզոր կարողունակություններ ունեցող պետությունների ֆիրմաների հետ: Նման տրամադրություն Ավստրիայում ստեղծվում է գերազանցապես այն մոտեցման շնորհիվ, որ պարենային առումով երկիրը հնարավորինս ինքնաբավ է, առաջնահերթըՙ կենդանական ծագման սննդատեսակների պահանջարկի ու անխտիր բոլորին մատչելիության առումով: Հայաստանյան այնպիսի տրամադրությունները, թե արդյունաբերությունն աշխատեցնենք, պարենը դրսից կբերենք, աշխարհի մաս կազմող Եվրոպայում, նրա մի մասնիկ Ավստրիայում պարզապես տարօրինակ են դիտարկում: Մե՞նք ենք ճիշտ, թե՞ մեր բարեկամ ավստրիացինները, պարզորոշ երեւում է ամենուր:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4