«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ՀԱՎԱՏԸ ՎԻՐՏՈՒԱԼԱՑՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

«Ի՞նչ ասել է մկնիկով վերցնել մոմն ու վառել այն, ամեն ինչ չէ, որ կարելի է վիրտուալացնել»,- բողոքում է Արաքսը , որը համացանցում տեսել է վերջերս լայն տարածում գտած հայկական օն-լայն «եկեղեցու» կայքը: Այցելելով այդ կայք` մարդիկ կարող են իրենց նախընտրած եկեղեցում մոմ վառել, երազանք պահել, հետո մկնիկի մեկ հարվածով ընտրել իրենց սրտի ուզած աղոթքը: Արաքսն ասում է, որ ինքը շատ ավելի ուրախ կլիներ, եթե այդ կայքում ներկայացվեին եկեղեցիների արտաքին տեսքը, տարածքը, որտեղ դրանք գտնվում են, եւ մարդկանց համար հիանալի հնարավորություն կլիներ տեսնել այն եկեղեցին, որտեղ չեն եղել:

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Վիգեն քահանա Ղազարյանը այս ամենի վարաբերյալ շատ դիպուկ է արտահայտվում. «Պետք չէ այդ ամենին լուրջ վերաբերել, սա լոկ զվարճանք է»:

17-ամյա Արմինեն օն-լայն եկեղեցու գոյությանը դրական է վերաբերում` մեկնաբանելով, որ երբեմն, հատկապես երեկոյան ուշ ժամերի, երբ եկեղեցին փակ է կամ էլ տնից միայնակ դուրս գալ չես կարող, օգնության է հասնում համացանցը: Նա հիշում է, որ սկզբնական շրջանում կայքում մոմ վառելու հնարավորություն կար միայն Սուրբ Աստվածածին եկեղեցում, ու հավելում` «Փառք Աստծո, այսօր արդեն բոլոր եկեղեցիներում էլ մոմ վառել լինում է»:

Արմինեի նման մտածող մարդիկ շատ են: Մեր կատարած փոքրիկ հարցումից պարզ դարձավ, որ շուրջ 20 հարցվածներից 15-ը օն-լայն եկեղեցու գաղափարին դրականորեն են արձագանքել: Օն-լայն եկեղեցին ոգեւորել է նաեւ որոշ բլոգերների: Նրանցից մեկն իր գրառման մեջ նշում է. «Այժմ եկեղեցի գնալու համար անհրաժեշտ չէ հագնվել, հարդարել մազերը եւ երկար ճանապարհ անցնել: Այսուհետեւ կարող եք եկեղեցի գնալ նաեւ օն-լայն տարբերակով»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Փաստորեն, երբ հանկարծ ինտերնետի մեր օպերատորը անջատում է ինտերնետ ծառայությունը, Աստծո հետ կապն էլ է ընդհատվում...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4