Հարութ Շիթիլյան - Ծնվել է Բեյրութում, Լիբանան: 9 տարեկանում տեղափոխվել է Կանադա: Սովորել է ՀԲԸՄ-ի Մոնրեալի Ալեք Մանուկյան վարժարանում: Այնուհետ ուսումը շարունակել Մոնրեալի ֆրանսերեն ուսուցմամբ վարժարանում, ապա` համալսարանում: Ուսանել է Մոնրեալի ճարտարագիտական կրթօջախում եւ ստացել համակարգիչների ճարտարագետի մասնագիտություն: Մտնելով քաղաքական ասպարեզ, Շիթիլյանը մի քանի այլ պաշտոններ զբաղեցնելուց հետո 2011 թվականի հունիսի 20-ին ընտրվում է Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ:
- Դուք մասնագիտությամբ ծրագրավորող եք: Հետաքրքրական է, ինչո՞ւ որոշեցիք թողնել համակարգիչները եւ քաղաքականությամբ զբաղվել:
- Ես տեղափոխվել եմ Մոնրեալ շատ վաղ տարիքում: Այստեղ էի եկել մի երկրից, որը պատերազմի մեջ էր, ու շատ էի տպավորվել կանադական այս հարմարավետ քաղաքում տիրող հանգստությամբ, որտեղ տարբեր էթնոսների ներկայացուցիչներ են ապրում, աշխատում եւ համագործակցում: Կարծում եմ, համայնքի ղեկավարության ներկայացուցիչ դառնալ ես ձգտում, երբ ցանկանում ես ծառայել քաղաքացիներին, նրանց հետ համագործակցել` խաղաղ ու բարգավաճ հասարակություն ստեղծելու նպատակով:
Ընտրությունների քարոզարշավի ընթացքում ինձ շատերն էին հարցնում, թե ինչն է ստիպում 28 ամյա համակարգչային մասնագետիս մտնել քաղաքական դաշտ: Որոշները նախազգուշացնում էին ինձ այդ գործընթացի դժվարությունների մասին:
Ես մտա քաղաքականություն պատասխանատվության զգացումով, միաժամանակ գիտակցելով, որ քաղաքականության մեջ մենք չենք կարող ազդել հասարակական կարծիքի եւ մեդիայի վրա: Հետեւաբար, եթե սկսենք մտածել, թե ինչ են մեր մասին գրելու, ինչպես են մեզ դատելու, չենք կարողանա արդյունավետ աշխատել: Ուստի պետք է աշխատենք մեր արժեքների ու սկզբունքների, մեր գաղափարների, ջանքերի, նպատակների ամբողջությունը հաշվի առնելով, միաժամանակ նաեւ մեր քաղաքացիներին լսելով: Մնացածն ինքնըստինքյան կստացվի:
- 30 տարեկան հասակում դարձաք Մոնրեալի քաղաքային խորհրդի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: Համարու՛մ եք սա մեծ հաղթանակ:
- Իհարկե համարում եմ: Մոնրեալը ֆրանկոֆոն աշխարհի երկրորդ ամենահայտնի քաղաքն է: Այս պաշտոնում իմ ընտրվելը մեծ հպարտություն էր Մոնրեալի հայ համայնքի, իմ ընտանիքի, ընկերների ու նաեւ այն բոլոր երիտասարդ մոնրեալցիների համար, ովքեր աջակցում էին ինձ ամենասկզբից: Ինձ նաեւ շատ էր զարմացրել համահայկական մամուլի ակտիվ արձագանքն իմ ընտրությանը:
- Արդյոք կարծո՞ւմ եք, որ Ձեր` երիտասարդ տարիքում նման պաշտոն զբաղեցնելը խթան կհանդիսանա, որպեսզի այլ կանադաբնակ հայ երիտասարդներ եւս հետեւեն Ձեր քայլերին:
- Իհարկե, հույս ունեմ, որ իմ օրինակը մյուսների համար խթան կհանդիսանա: Ինձ միշտ կարելի է դիմել խորհուրդ ստանալու նպատակով, միշտ պատրաստ եմ կիսվել իմ փորձով: Բայց ես նաեւ անընդհատ ասում եմ երիտասարդներին, որ պարտադիր չէ դառնալ քաղաքական գործիչ, որպեսզի համայնքում ակտիվություն ցուցաբերեք: Երիտասարդներն ունեն հնարավորություն միանալու նաեւ քաղաքացիական կազմակերպություններին, որոնք ազդում են կառավարող օղակների վրա, տարբերակներից է նաեւ միանալ սոցցանցերում ու բլոգներում ինֆորմացիայի տարածմանը եւ մեկնաբանմանը: Երիտասարդները կարող են նաեւ լրագրությամբ զբաղվել, բանավեճերի, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ հանդիպումներին մասնակցել: Վերջիվերջո, կանադահայ երիտասարդությունը կարիք ունի ադապտացվելու կտրուկ փոփոխվող ժամանակներին: Մենք մեզ չենք կարող թույլ տալ կրկնել ավանդական քաղաքացիական մասնակցության բանաձեւերը, որոնք աշխատում էին մեր նախորդների ժամանակաշրջանում: Եթե մենք չնախաձեռնենք եւ չքաջալերենք փոփոխությունները, դրանք ինքնըստինքյան տեղի չեն ունենա:
- Խոսենք Կանադայի հայ համայնքի խնդիրների ու մտահոգությունների մասին:
- Համայնքը շատ մարտահրավերների առաջ է կանգնելու գալիք տարիներին: Նշեմ դրանցից մի քանիսը` համայնքի ղեկավարների տարիքային խնդիր, համայնքի ակադեմիական գերատեսչությունների պահպանում, պատմական ավանդույթների եւ հայոց լեզվի պահպանում: Միաժամանակ անհրաժեշտ է սերտ համագործակցություն Հայ առաքելական եկեղեցու եւ հազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդի հետ: Ես կցանկանայի վերը թվարկվածները դիտարկել ոչ թե որպես խնդիրներ, այլ որպես երկարատեւ եւ ամուր լուծումներ գտնելու հնարավորություններ:
- 2011 թվականի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը ժամանեց Մոնրեալ: Այցի ընթացքում Ձեզ պաշտոնապես հրավիրեցին Երեւան:
- Այո, ես շատ ուրախ էի հանդիպել երեւանյան պատվիրակության անդամների հետ: Մենք ունեցանք հնարավորություն երկու քաղաքների զարգացմանը վերաբերող մտքեր փոխանակելու: Երբ Երեւանի քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը, ես նրան շնորհավորական ուղերձ հղեցի, հիշատակելով իմ` մոտ ապագայում մեր քույր քաղաք Երեւան ժամանելու մտադրության մասին, ինչը կնպաստի մեր քաղաքների միջեւ ջերմ հարաբերությունների ամրապնդմանը:
- Ո՛վ է Հարութ Շիթիլյանը քաղաքականությունից դուրս:
- Ընտանիքին նվիրված մարդ է, ով շատ է սիրում ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Նաեւ սիրում եմ մասնակցել ոչ պաշտոնական միջոցառումների, որոնք տեղի են ունենում համայնքում: Բայց պաշտոնական պահերից այստեղ էլ խուսափել չի լինում, քանի որ մարդիկ, որոնց ինչ-որ հարցեր են հուզում, միշտ առիթն օգտագործում են իրենց մտահոգությունները բարձրաձայնելու համար: Ես նաեւ Barclay’s Premier Football League-ի մոլի ֆանատ եմ, հետեւում եմ նաեւ չեմպիոնների լիգայի, ամերիկյան ֆուտբոլային լիգայի եւ հյուսիսամերիկյան հոկեյի ազգային լիգայի հանդիպումներին: Սպորտային հետաքրքրական հանդիպում դիտելն ամենալավ միջոցն է ուղեղդ որոշ ժամանակով քաղաքականությունից անջատելու համար: Նաեւ կցանկանայի նշել, որ շատ հպարտ եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաջողություններով` մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Հավաքականի բոլոր տղաներն ու գլխավոր մարզիչն արժանի են հիացմունքի եւ հարգանքի: Ավելացնեմ նաեւ, որ Մոնրեալի հայ համայնքը շատ ակտիվ է սպորտային կյանքում: Ունենք բազմաթիվ թիմեր, որոնք մասնակցում են ամենաբարձր մակարդակի բասկետբոլի եւ ֆուտբոլի լիգաների: Համայնքը կազմակերպում է նաեւ ամենամյա մրցաշարեր, որոնց մասնակցում են նաեւ այլ հայկական համայնքների, օրինակՙ Բոստոնի, Տորոնտոյի եւ Դետրոյտի թիմերը:
ՆԱՐԻՆԵ ԴԱՆԵՂՅԱՆ, Երեւան