(Ալան Ուայթհորնը նորովի է բացահայտում ցեղասպանությունը)
«Ազգի արմատները շատ խորն են աճում, տարածվում արագ... հասնում միջուկին ու սնուցում են բողբոջները թարմ», գրում է «Վերադարձ դեպի Հայաստան» գրքի (որի շնորհանդեսը կայանալու է Ավ. Իսահակյանի գրադարանում այսօր, ժամը 15.30-ին) բանաստեղծություններից մեկում կանադահայ բանաստեղծ եւ գիտնական, քաղաքագիտության պրոֆեսոր Ալան Ուայթհորնը :
«Ազգի» ընթերցողներին մենք ներկայացրել ենք նրան, թարգմանելով նրա գրախոսականները` նվիրված անցյալ տարվա ընթացքում լույս տեսած ցեղասպանության վերաբերյալ չորս կոթողային աշխատություններին (Տե՛ս «Փաստագրելով 1915-ի ցեղասպանությունը» հոդվածը «Մշակույթ» հավելվածի ապրիլի 14-ի համարում):
Ուայթհորնը անկեղծ զրուցասեր եւ չափազանց անմիջական անձնավորություն է, որի հետ մտերմիկ զրույցը Երեւանի «Բյուրոկրատ» գրախանութում մեծապես շահեկան էր եւ խիստ հետաքրքրական:
Նա Կանադայի թագավորական ռազմական քոլեջ (Քենսինգթըն, Օնտարիո) քաղաքագիտության պաշտոնաթող պրոֆեսոր է: Քաղաքագիտության եւ պատմության բակալավրի կոչումը ստացել է Յորքի համալսարանում (Տորոնտո), իսկ քաղաքագիտության մագիստրոսի եւ դոկտորի կոչումները Քարլթըն համալսարանում (Օտտավա): 1994-96 թթ. դոկտ. Ուայթհորնը եղել է Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (Բերնաբի, Բրիտանական Կոլումբիա) Ջ. Վուդսվորդի հիմնադրած հումանիտար գիտությունների ամբիոնի առաջին վարիչը: Համատեղության կարգով աշխատել է նաեւ Քինգսթընի Քուինզ համալսարանում եւ Վանկուվերի Ս. Ֆրեյզեր համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտում:
Ծնվել է 1946-ին Պորտսմուտում (Հեմփշիր, Անգլիա): Կանադա է տեղափոխվել 1953-ին: Տատըՙ Սիրունը, որին նվիրված բանաստեղծությունը անգլերենում «Metrmama» (Մեծ մայրիկ) խորագիրն է կրում, կորցնելով իր բոլոր հարազատներին եւ չիմանալով անգամ իր իսկական անունը, ազգանունը (գեղեցիկ լինելուն «Սիրուն» անունը նրան տալիս են որդեգիրները) կամ տարիքը, անցնում է որբանոց «ինչ-որ ճամբարներով» մինչեւ հասնում է Հունաստան եւ այնտեղից նավով հանգրվանում Ալեքսանդրիայում (Եգիպտոս), որտեղ նրան որդեգրում է մի հայ ընտանիք: Այնուհետեւ աշխատում է որպես Մելքոնյան մանկապարտեզի դաստիարակչուհի եւ Պողոսյան վարժարանի տնտեսուհի: Ամուսնանում է վարժարանի ավտոբուսի հայ վարորդ Ալաջաջյանի հետ եւ դեռ չթոթափած «սարսափ հուշերը Հայոց եղեռնի» լույս աշխարհ բերում երկու զավակներՙ Վարդուհուն, որը դառնալու էր Ալանի մայրը եւ Արմենակին, որը հետագայում դառնալու էր հայտնի բասկետբոլիստ եւ ՍՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ: Ամուսինը, դժբախտաբար, ինքնասպան է լինում եւ Սիրունը երկրորդ անգամ ամուսնանում է Համամճյանի հետ, որից մեկ աղջիկ երեխա է ունենումՙ Ֆրանսին: Ընտանիքը 1945-ին տեղափոխվում է Պորտսմուտ, Անգլիա, որտեղից էլ 1953-ին հաստատվում Կանադայում:
Ալան Ուայթհորնը ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է, համագործակցում է ցեղասպանության եւ մարդու իրավունքների ճանաչման «Զորյան» ինստիտուտի հետ, ինչպես նաեւ տեղի հայկական համայնքի տարբեր կազմակերպությունների հետ: Շատ է ափսոսում, որ ի հակադրություն այլ փոքրամասնությունների, որոնք առավել համախմբված են եւ մեկ ձայնով կարող են խոսել առնվազն իրենց ազգային, համընդհանուր խնդիրների մասին, հայկական համայնքը դեռեւս չի գիտակցում մեկտեղվելու այդ անհրաժեշտ պայմանը եւ երբեմն նույնիսկ կարեւոր համազգային տարեդարձներ տոնվում են կամ նշվում առանձին խմբակցությունների կամ կուսակցությունների կողմից: Այս առթիվ իր «Ո՞վ է հայը» բանաստեղծության մեջ փայփայում է հետեւյալ միտքը. «Բոլոր հայերով մեկտեղվենք... վերջապես միով, նաեւ միակամ մի օր, մի օր, քանի դեռ ես կամ»:
Ուայթհորնը բանաստեղծական եւ գիտահետազոտական մի քանի հատորների հեղինակ է: «Ցերեկը քաղաքագիտություն եմ դասավանդում, երեկոյան ընթերցում եմ քաղաքական տեսություն, իսկ ուշ գիշերին պոեզիա եմ գրում: Այդ կերպ լցնում եմ հոգիս», գրում է նա «Ինքնանկար» բանաստեղծությունում:
Մեր հոդվածում չակերտների մեջ առնված բոլոր բառերն ու նախադասությունները վերցված են «Վերադարձ դեպի Հայաստան» երկլեզու (անգլերեն, հայերեն) հրատարակությունից (Երեւան, «Լուսակն» հրատարակչություն, 2012 թ.), որտեղ անգլերեն բնագրից հայերեն թարգմանություններ կատարել է Արամ Արսենյանը: Գրքի ներածությունում Ուայթհորնը նշում է, որ տարիներ առաջ է սկսել ոտանավորներ գրել սփյուռքահայերի կյանքի եւ Հայոց ցեղասպանության մասին: Ժամանակ առ ժամանակ դրանցից մի քանիսը տպագրվել են հանդեսներում եւ լրագրերում:
2001-ին Լորնե Շիրինյանի հետ գրել է «Հայոց եղեռնը: Դիմակայություն անտարբերության իներցիային» գիրքը, որը նպատակ է հետապնդել օգնել Կանադայի քաղաքագետներին եւ երկրի խորհրդարանի անդամներին գիտակցելու 1915-ի սարսափելի իրադարձությունները, նաեւ հիմնավորել, որպեսզի Կանադան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, բանաստեղծություններից մի քանիսը մեջբերվել են այդ թեմայի շուրջ կառավարության խորհրդարանական քննարկումների ժամանակ: 1962-ից մինչեւ 2001 թվականը Հայաստան ուղեւորվելու չորս անհաջող փորձերից հետո վերջապես 2005-ին Ուայթհորնը առաջին անգամ այցելում է հայրենիք, ճանաչում երկիրը, ժողովրդին եւ գրի առած տպավորությունների հիման վրա հրատարակում «Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ եւ վերհիշելով Եղեռնը» ժողովածուն: Այնուհետեւ հարգարժան գիտնականի հանդեպ «օտար կառավարության զարմանալիորեն չարամիտ արարքներն ու ահաբեկումները խթան» են հանդիսանում, որ 2008-ին նա բանաստեղծությունների ընդարձակ մի շարք գրի եւ լույս ընծայի «Արդար բանաստեղծություններ. անդրադարձ Հայոց եղեռնին» գիրքը, որն ինքը համարում է իր «պատասխանը... օտար պետության տխրահռչակ գործողություններին»: Ի դեպ, հեղինակի հնարամտության փայլուն օրինակ է դրանում ընդգրկված կարճ մի ոտանավորի առաջին երկու տողերը, որոնցում անգլերենի անորոշ հոդի տեղաշարժը մեծապես փոխում է իմաստը «Պարզապես մի բանաստեղծություն» նախադասության, դարձնելով այն «մի արդար բանաստեղծություն» (Just «a» poem/«A» just poem):
Արդարության պահանջը, Եղեռնի ժխտումը, հաշտության առաջարկները, նավարկող արձանագրությունները, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր «ինքնությունը» եւ վերջապես անհանգիստ աշխարհի ապագան բանաստեղծությունների հիմնական թեմաներն են, որոնք արտաքին պարզության հետեւում թաքցնում են խորը մտահոգություններ, անկեղծ հարցադրումներ եւ ներաշխարհային հոգեւոր ապրումներ:
«Կգոյատեւի՞ ծիրանակորիզը հայ, երբ ուժգին քամին նրան դուրս վանի երկրից իր նախնյաց դեպի ափերը հեռու-հեռավոր», կամ «Հայերը լա՞վ են հիշում եղեռնը», «Հիշո՞ւմ են արդյոք հայերն անուններն այն քաղաքների, որտեղից գաղթել են», եւ նաեւ «Ինչպե՞ս կանգնեցնել Ցեղասպանությունը», խորհրդածում է բանաստեղծը: Իսկ ահա «Ներե՞լ, թե՞ չներել» բանաստեղծության մեջ նա հստակորեն պատասխանում է «Անկարող եմ ներել անձանց պետական, որ մերժում են կրքոտ եւ գիտակցաբար: Չեմ ների նաեւ այն վարչակարգին, որ թույլ է տալիս նորեն ավերել ավերակները հին: Չեմ կարող ներել իշխանությանը, որ վախեցնում է արդար ձայներին»:
«Պոեզիան ինձ հնարավորություն ընձեռեց ոչ միայն ավելի անձնական եւ ազատ մոտեցումով քննել մտքերը, այլեւ ուսանողների համար հուզական ընկալման լայն ճանապարհ բացեցՙ ըմբռնելու ցեղասպանության պատճառած տառապանքների ուժգնությունը», գրում է Ուայթհորնը գրքի ներածականում, իսկ «Երախտիքներ» խորագրի ներքո նա շնորհակալական խոսք է հղում բոլոր նրանց, ովքեր իրականություն են դարձրել գրքի հրատարակությունը:
«Վերադարձ դեպի Հայաստան» գրքի կազմը զարդարող լուսանկարի հեղինակ է երեւանաբնակ լուսանկարիչ Լուսինե Ներկարարյանը, խմբագիրըՙ Վահե Արսենին, իսկ հրատարակիչըՙ Ռուզան Սահակյանը:
Գիրքն իր ամբողջության մեջ ճշմարտության եւ արդարության գերիշխանությանը հասնելու հայ ժողովրդի վճռականությունն է բացահայտում:
Բարի կեցություն նրան Հայաստանում:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ