«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ՆՎԻՐՈՒՄ ՀԵՆԴԵԼԻՆ

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը իր հրաշալի համերգներով յուրահատուկ տոն նվիրեց երաժշտասերներին: Փառատոնի նախավերջին համերգից անցել է մի քանի օր, սակայն դեռ խոսվում է այդ աննախադեպ հրաշալի համերգի մասին, որի ընթացքում Թբիլիսիի ազգային օպերայի թատրոնի «Սուլիկո» անսամբլը, որը կազմված էր օպերայի մեներգիչներից, իր բազմազան երգացանկով անմոռանալի հաճույք պարգեւեց ներկաներին:

Անսամբլի հիմնադիր Վանո Գալուաշվիլու հետ «Ազգը» զրուցեց համերգից հետո, տեղեկանալու թե ի՞նչ տպավորություններով են մեկնում Երեւանից: «Պարզապես հիացած ու ապշած ենք, թե ինչպիսի ընդունելության արժանացավ մեր անսամբլը: Շատ երկրներում ենք եղել, բայց այսպես, երկարատեւ ծափերի, հոտնկայս ողջույնների ոչ մի երկրում չենք արժանացել: Դուք հայերդ հարուստ եք երաժշտարվեստով ու առանձնանում եք ձեր կատարողական արվեստով, հենց դա էր պատճառը, որ շուրջ երկու տարի մենք հետաձգում էինք մեր ելույթը ձեր երկրում: Հիմա հասկացանք, որ մենք իսկապես գտնվում ենք այնպիսի մի միջավայրում, ուր ճիշտ գիտեն գնահատել երաժշտին: Բրավո՛ ձեզ, շնորհակալ ենք...»:

Ահա այսպիսի տպավորությամբ «Սուլիկո» անսամբլը մեկնելու է Երեւանից, հաջորդ տարի հանդիպելու խոստումով: Իսկ մայիսի 26-ին փառատոնի հանդիսավոր փակումը կրում է «Նվիրում Հենդելին» խորագիրը: Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Մանե Գրիգորյանը (սոպրանո), Արմեն Մայիլյանը (շեփոր), Կարեն Հակոբյանը (կոնտրատենոր) եւ Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին): Փառատոնի նվագախումբը կղեկավարի գեղ. ղեկ. եւ դիրիժոր Արամ Թալալյանը:

Փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը խոստացան, որ հաջորդ փառատոնը էլ ավելի ուշագրավ է լինելու իր մասնակիցներով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4