«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ՀԱՅ ԳԻՐՔԸ ՀԱՐՎԱՐԴԻ ԼԱՄՈՆՏ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Ապրիլ ամսվա ընթացքում հայ գրատպության 500-ամյակի առթիվ հայկական գրքերի եւ պարբերականների ցուցահանդես է գործել Քեմբրիջի (Մասաչուսեթս) Հարվարդ համալսարանի Լամոնտ գրադարանի դահլիճներում, տեղեկացնում է Դեֆնի Աբիլը «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում:

Ներկայացվել են ինչպես հին, այնպես էլ արդի հայ գրականության նմուշներ, որպիսիք են «Ուրբաթագիրքը» (պատճենահանված տարբերակ), Եզովպոսի առակները, Եղիշե Չարենցի արձակ եւ չափածո գործերից հատվածներ, Վիլյամ Սարոյանի, Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունները, «Հայրենիք» թերթի առաջին համարի պատճենը եւ Էդգար Ալեն Պոյի «Արթուր Գորդոն Պիմի արկածների պատմությունը» ճանապարհորդական գրքի արեւմտահայերեն թարգմանությունըՙ կատարված 19-րդ դարում: Ցուցանմուշներին ընկերակցել են Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան ամբիոնի (հիմնված 1959-ին) վարիչ, պրոֆ. Ջեյմս Ռասելի «Հայերը եւ գիրքը», պրոֆ. Քրիստինա Մարանջիի (Թաֆթս համալսարանից) «Հայկակաան ձեռագրերը», Բարբարա Մերկերյանի («ԱԼՄԱ»ՙ Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանի աշխատակից) «Հայ կինը եւ գիրքը», Մարկ Մամիկոնյանի («ՆԱՍՐ»ՙ Հայկական հետազոտությունների եւ ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայից), Մայքլ Գրոսմանի «Հայ գիրքը Հարվարդի գրադարաններում» ընդարձակ բացատրական հոդվածները, որոնք միտված են եղել համալսարանի ուսանողներին իրազեկելու հայերի, հայերեն լեզվի եւ հայ տպագրության պատմության մասին:

Ցուցադրության նախապատրաստական աշխատանքներն սկսվել են մոտ մեկ տարի առաջ: «Հարվարդում ուսանողները գալիս են սովորելու ավելի լայն, ընդարձակ բաների մասին, եւ մենք ցանկացանք նրանց ներկայացնել հայկական մշակույթի եւ պատմության տարողանակությունը», նշել է այդ առթիվ պրոֆ. Ջեյմս Ռասելը, ավելացնելով որ ներկայիս ուշադրություն է դարձնում արեւմտահայերենի ուսուցման անհրաժեշտության վրա, քանի որ Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունների հետեւանքով այդ հարուստ լեզուն դատապարտված է կորստյան:

Հաշվի առնելով, որ ցուցադրությունը միայն Հարվարդի համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի համար էր, ներկայումս, ըստ Դեֆնի Աբելի հոդվածի, բանակցություններ են գնում ցուցադրությունը «ԱԼՄԱ»ՙ Ամերիկայի հայկական գրադարան-թանգարան տեղափոխելու կապակցությամբ, որպեսզի հայկական համայնքն էլ հնարավորություն ունենա տեսնելու:

Պատրաստեցՙ Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4