Մոսկվայում անցկացված սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ սամբիստները: Նրանցից 9 տուն վերադարձան մեդալներով: Բոլորից հաջողը մարտական սամբո մրցաձեւում Մխիթար Մխիթարյանի ելույթն էր, որը մինչեւ 52 կգ քաշային սամբիստների մրցավեճում հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
21-ամյա Մխիթարը վիճակահանությամբ պայքարը սկսեց 2-րդ փուլից: Նրա մրցակիցը լիտվացի Գինտաուտաս Կատկուսն էր, որն առաջին փուլում 4-0 հաշվով հաղթել էր մոլդովացի Դմիտրի Լունգուին: Լիտվացու հետ գոտեմարտում Մխիթարն իրեն լավագույն կողմերով դրսեւորեց եւ հաղթելով 3-0 հաշվով, մտավ եզրափակիչ: Այստեղ նա գոտեմարտեց ռուսաստանցի Սեմյոն Տայպինովի հետ: Այդ գոտեմարտում հաջողությունն ուղեկցեց ռուսաստանցի սամբիստին, որն էլ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իսկ հայ սամբիստն արժանացավ արծաթե մեդալի:
Մարտական սամբոյի մրցաշարում մեր սամբիստներից բրոնզե մեդալակիրներ դարձան Հարություն Միրաբյանը (57 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (82 կգ): Նշված եռյակից ամենատիտղոսակիրը Վաչիկ Վարդանյանն էր, որն անցյալ տարի Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էր դարձել: 29-ամյա փորձառու սամբիստին չհաջողվեց պաշտպանել իր տիտղոսը: Առաջին գոտեմարտում նա 0-3 հաշվով զիջեց ռումինացի Վալերիու Տիգհինեանուին: Քանի որ վերջինս հասավ մինչեւ եզրափակիչՙ պարտվելով լիտվացի Սերգեյ Գրեչիցկոյին, ուստի Վարդանյանն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը 4-0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Մուրադ Մաչաեւի նկատմամբ (4-0) եւ արժանացավ բրոնզե մեդալի:
Նախորդ առաջնության համեմատ զգալի առաջընթաց ունեցավ Մավրիկ Նասիբյանը, որը Սոֆիայում գրավել էր 7-րդ տեղը, իսկ Մոսկվայում դարձավ բրոնզե մեդալակիր:
Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի պատվիրակները 5 բրոնզե մեդալ նվաճեցին: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Սոսե Բալասանյանը (52 կգ), Գայանե Խաչատրյանը (60 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (82 կգ): Նշված մարզիկներից ամենատիտղոսակիրն աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիր, արցախցի Աշոտ Դանիելյանն էր: Նա անցյալ տարի էլ Սոֆիայում բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 74 կգ քաշային կարգում:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության պարգեւները վիճարկեցին 33 երկրների ներկայացուցիչներ: Բոլորից հաջող հանդես եկավ Ռուսաստանի հավաքականը, որը թիմային հաշվարկով գերազանցեց բոլորին: Այդ երկրի սամբիստները նվաճեցին 19 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: