Ուկրաինական Football.ua կայքը կազմել է Ուկրաինայի ավարտված առաջնության 5 լավագույն կիսապաշտպանների ցանկը, որում ընդգրկվել է Դոնեցկի «Շախտյորի» եւ ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստի մասին կայքը հետեւյալն է գրել. «Մյուսների նկատմամբ Մխիթարյանի առավելությունն այն է, որ մրցաշրջանի ընթացքում նա նոր մակարդակի խաղ ցուցադրեց ու այն պահպանեց մինչեւ առաջնության ավարտը: Յարմոլենկոն աչքի չընկավ կայուն ելույթներով, Ֆեռնանդինյոն եւ Շավիերն իրենց խաղամակարդակին համապատասխան խաղ ցուցադրեցին, իսկ ահա Մխիթարյանը ներկայացավ նոր մակարդակով, իրեն նոր կողմերով դրսեւորեց:
Ընդ որում նրա խաղամակարդակը բարձրացավ ու հասավ «Շախտյորի» առաջատարներին: Այդ իսկ պատճառով էլ «Շախտյորը» ձմռանը հանգիստ հրաժարվեց Ժադսոնի ծառայություններից, քանի որ նա մեկնարկային կազմում ընդգրկվելու պայքարում իր տեղը զիջել էր Մխիթարյանին: Հենրիխն իսկապես հրաշալի մրցաշրջան անցկացրեցՙ դառնալով «հանքափորների» չեմպիոնական նվաճման գլխավոր հերոսներից մեկը: Նա թիմի այն եզակի ֆուտբոլիստներից էր, որ լավ խաղ էր ցուցադրում դեռեւս աշնանը»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորի» կազմում Մխիթարյանը 26 խաղում 10 գոլի հեղինակ է դարձել, 4 գնդակ էլ նրա խաղընկերները խփել են հայ ֆուտբոլիստի փոխանցումներից: