Մայիսի 31-ից հունիսի 5-ը Բաթումում կանցկացվեն արագ շախմատի եւ կայծակնային խաղի կանանց աշխարհի առաջնությունները: Մրցումների մասնակցության հայտ են ներկայացրել 17 երկրների 50 շախմատիստներ: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ ունի: Բավական է միայն նշել, որ մասնակիցների թվում են աշխարհի նախկին չեմպիոնուհիներ Նոնա Գափրինդաշվիլին, Մայա Չիբուրդանիձեն, Անտուանետա Ստեֆանովան, Ալեքսանդրա Կոստենյուկը:
Էլինա Դանիելյանն իր վարկանիշով (2484) մասնակիցների մեջ զբաղեցնում է 14-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2449) 23-րդն է: Ամենաբարձր վարկանիշն ունի Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկը (2598), որին հաջորդում են հնդիկ Համպի Կոներուն (2589), չինացի Չաո Հուեն (2549) եւ վրացի Նանա Ձագնիձեն (2547):
Սկզբում շախմատիստուհիներն իրենց ուժերը կփորձեն արագ շախմատի մրցաշարում, որը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Այնուհետեւ կկայանա կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը: Չեմպիոնուհին կորոշվի 15 տուրերի ընդհանուր արդյունքով: