«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՔ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱՆՕԴԱՉՈՒՆ... ԵԹԵ ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Իրան-Ադրբեջան սրացումները` փոխադարձ նոտաների, դավադրությունների, դեմարշների առատությամբ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի եւս մեկ նոտա է հղել Իրանին` «այդ երկրում ադրբեջանցի երկու պոետների անհետ կորելու առնչությամբ»: Երեկ այս մասին Բաքվում ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաեւը: Ադրբեջանական հերթական բողոքի նոտան Աբդուլլաեւը մեկնաբանել է, թե արդեն 25 օր որեւէ տեղեկություն չկա կորուսյալներից, սակայն ենթադրությամբ, թե նրանք կարող են ձերբակալված լինել:

Ակնհայտորեն Աբդուլլաեւը ակնարկել է ադրբեջանցի երկու պոետների հնարավոր ձերբակալության մասին, այլապես որեւէ երկրի քաղաքացիների` մեկ այլ երկրում անհետ կորելու դեպքում դիվանագիտական նոտաներ հղելու իմաստ չի կարող լինել:

Ու բնավ էլ տարօրինակ չէ, որ այսօրինակ նոտա ուղարկելուց առաջ պարզվում է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանը Թեհրանում չէ, այլՙ Բաքվում: Աբդուլլաեւը, սակայն, դեսպանի` Թեհրանում չլինելու հանգամանքը մեկնաբանել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի համար ամոթալի անտեղյակության շեշտով, թե «գուցե իսկապես դեսպանը Բաքվում է, բայց անձնական գործերով»: Այսինքն` ադրբեջանական կողմը թեեւ ակնհայտորեն հակադրվում է իրանական կողմին, սակայն առայժմ խուսափում է բաց դիվանագիտական առճակատումից` սեփական դեսպանի երկիր վերադառնալը մատուցելով որպես «անձնական հարցերով» ուղեւորություն:

Ամեն դեպքում, անգամ իշխանահաճո ադրբեջանական մամուլը Ադրբեջանի դեսպանի Բաքվում լինելու հանգամանքը ոչ միայն ապացուցված է համարում, այլեւ շարունակում է պնդել, որ Թեհրանից դեսպանին հետ են կանչել` «քաղաքական խորհրդակցությունների»:

Փաստացի Իրանի դեսպանի հետկանչին կարճ ժամանակ անց հետեւեց նույնական քայլ` հետկանչ Ադրբեջանի դեսպանի, ընդ որում, այնպիսի մի ժամանակահատվածում, երբ մեկ այլ հակադրություն է առաջացել ադրբեջանա-իրանական հարաբերություններում` ի դեմս Իրանի գերագույն ղեկավարի ներկայացուցչին Ադրբեջան չթողնելու հանգամանքի: Այս փաստն էլ Աբդուլլաեւը մանկամիտ պարզությամբ է փորձել հիմնավորել, թե իրանական կողմի ներկայացուցչին թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան հենց օդանավակայանում` պատճառաբանությամբ, թե վերջինս ներկայացել է որպես «Իրանի շարքային քաղաքացի»:

Ի՞նչ է սա նշանակում. շարքային իրանցին չի՞ կարող մուտք գործել Ադրբեջան, թե՞ որեւէ պաշտոնում կամ ներկայացուցչական դիրքում գտնվող իրանցի պարտավոր է Ադրբեջան մուտք գործելիս ներկայացնել կենսագրականը, կրթությունն ու անցած աշխատանքային ուղին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարության բացատրությունը կաղում է ճիշտ այնպես, ինչպես կաղում են անհեթեթությունները բացատրելու փորձ անողները:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը իր «հիմնավորումներում» չի շեշտել նաեւ ադրբեջանական մամուլի մեկ այլ թեմայով հրապարակումները, որ մեջբերվում են «Daily Mail» ամերիկյան պարբերականից: Լավագույն դետեկտիվներն ու համաշխարհային գրականության այդօրինակ գոհարները խմբագրման կարիք կարող են ունենալ, քանի որ «իրանական դավադրության» մասին հիշյալ հրապարակումներն ուղղակի «ցնցող» են:

«Դեռեւս նոյեմբերին Ադրբեջանը զգուշացրել է ամերիկյան դեսպանատանը այդ երկրում պատրաստվող դավադրության մասին... ոմն Բալագարդաշ Դաշդիեւի անվան շրջանառմամբ, որը լավ կապեր է ունեցել լրտեսական ցանցերի ու Իրանի ապստամբների խմբերի հետ», մեջբերումներ է անում ադրբեջանական մամուլը, ըստ էության, ինչ-որ հիմքեր տալով ենթադրելու, թե ինչպես է ստացվում, որ ժողովրդավարության առնչությամբ ԱՄՆ թեթեւակի քննադատությանը Ադրբեջանում վերաբերվում են նեղացկոտ երեխայի պես:

Ամեն դեպքում, ոմն Դաշդիեւի գործողությունները ադրբեջանական մամուլը ներկայացնում է «Իրանն Ադրբեջանում փորձել է պայթեցումներ իրականացնել» ձեւակերպմամբ, թեեւ ապացույցներ, փաստեր բերելու առումով հրապարակումներում ոչինչ չի նշվում: Դրա փոխարեն ներկայացվում է, թե իրանական կողմը փորձել է պայթյուններ իրականացնել «Իսրայելի եւ ԱՄՆ դեսպանատներում, նավթային ընկերությունների գրասենյակներում, ռեստորաններում ու ժամանցի վայրերում, որտեղ հավաքվում են Բաքվի ամերիկացիները»: Այս ամենին հավելվում է, որ Դաշդիեւ կոչվածը ընդունել է իր մեղքը, բացատրելով, թե «ցանկացել է վրեժխնդիր լինել ատոմային էներգետիկայի ոլորտի իրանցի գիտնականների համար»:

Իրանի դեսպանի հետկանչի, Ադրբեջանի դեսպանի «հայրենիքը կարոտելու», իրանցի «դավադիրների», շարքային իրանցուն Ադրբեջան չթողնելու ու այսօրինակ նորություններով հագեցած Իրան-Ադրբեջան օրակարգը մտահոգության տեղիք է տալիս, լուրջ մտահոգության, հատկապես երբ Ադրբեջանն արդեն ատամները զինել, անցել է շուրջբոլորը սպառազինելուն` այն էլ մի քանի տասնյակ անօդաչու սարքերի ձեռքբերմամբ համալրվելով. պատերազմի հոտ է գալիս.... չնայած հակառակը փաստող բոլոր կանխատեսումներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4