«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԴՐԱՄԱՆԵՆԳՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայաստանի Հանրապետության դատախազության կայքէջի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորել է երկու անձի` կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու մեղադրանքով:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մ. Զիլֆիմյանը եւ նույն քաղաքի բնակիչ Բ. Հարությունյանը, 2012 թ. մայիսի 24-ին գունավոր տպիչով պատճենահանելու եղանակով պատրաստել են կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներ եւ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզի Անիավան գյուղում, ժամը 19-ի սահմաններում` մարզի Կամո եւ 19:30-ի սահմաններում` Հովիտ գյուղերում, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նպատակով, հիշյալ գյուղերի մեկական բնակիչներից համապատասխանաբար 4, 2 եւ 6 կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներով գնել են 4 գառ եւ 2 ոչխար, այդ բնակիչներին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:

Բացի դրանից, ըստ դատախազության հաղորդման, Զիլֆիմյանը եւ Հարությունյանը խոստովանական ցուցմունք են տվել, որ միմյանց հետ նախնական համաձայնության գալով` գունավոր տպիչով 5000 դրամ անվանական արժեքով 61 հատ կեղծ ՀՀ թղթադրամներ են տպել եւ իրացրել հանրապետության 4 մարզերի խանութներում: Այդ 5000 դրամանոց թղթադրամներից 27-ն իրացրել են Շիրակի, 19` Արագածոտն, 9ՙ Լոռու եւ 6-ը` Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում ու գյուղերում:

2012 թ. մայիսի 29-ին Մ. Զիլֆիմյանին եւ Բ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Միաժամանակ, 10 հատ 20 000 դրամանոց կեղծ թղթադրամների իրացման դեպք է արձանագրվել նաեւ Շիրակի մարզի Բավրա գյուղի նախկին անասնապահական համալիրին հարակից տարածքում: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում կեղծ թղթադրամներ իրացնող անձանց ինքնությունը պարզելու համար:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4