«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆՅԱՆ ԽՍՀՄ-ՈՒՄ

Հարեւան երկրի խղճի կալանավորներից Բախտիար Հաջիեւը կալանավայրից նամակ է հղել Իլհամ Ալիեւին: «Ես միշտ ցանկացել եմ, որ Ադրբեջանում ստեղծվի իրավական ժողովրդավար պետություն: Ուրախ եմ այդ բնագավառում հաջողությունների համար, սիրում եմ իմ ժողովրդին եւ պետությունը, եւ արտասահմանյան որեւէ հետաքրքրություններ կամ քաղաքական հավակնություններ չեն կարող այդ սիրուց բարձր լինել», գրել է նա:

Դիմումն ավարտվում է այսպես. «Պարոն նախագահ, գտնում եմ, որ ազատության մեջ կարող եմ ավելի օգտակար լինել` որպես կայուն զարգացման համար աշխատող, քան թե լինել կալանավոր: Այդ կապակցությամբ խնդրում եմ քննարկել ինձ ազատելու հարցը»: Ուշագրավ է, որ դատապարտյալը չի օգտագործել «ներում շնորհել» արտահայտությունը, այլ խնդրել է, որ Իլհամ Ալիեւը քննարկի իրեն «ազատելու հարցը»: Սա ցույց է տալիս, որ Հաջիեւը իր անազատության մեջ գտնվելն ուղղակիորեն կապում է Իլհամ Ալիեւի որոշման հետ:

Ըստ դատաքննության, Հաջիեւը մեղադրվել է «չարամտորեն զինվորական ծառայությունից խուսափելու» մեջ եւ դատապարտվել երկամյա կալանքի: Իրականում նրա դեմ հետապնդումներն սկսվել են 2010 թ. խորհրդարանական ընտրությունների առթիվ նրա կատարած բացահայտումների կապակցությամբ: Հաջիեւը որպես բլոգեր հայթայթել եւ համացանցում տեղադրել է քվեարկությունների իրական պատկերը ներկայացնող մի շարք տեսանյութեր: Դրանց հիման վրա նա սոցիալական ցանցերում քարոզչություն է ծավալել` հայտարարելով, որ «խորհրդարանական ընտրությունները խայտառակաբար կեղծվել են»:

Հաջիեւի նկատմամբ դատական նիստը տեղի է ունեցել 2011 թ. մարտի 4-ին: Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է նրա հայցադիմումը` պատժաժամկետի կեսը կրելու կապակցությամբ իրեն վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու մասին: Մեկ անգամ չէ, որ իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգել են, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներին ստիպում են Իլհամ Ալիեւի անունով ներման խնդրագրեր ներկայացնել: Այս դեպքում, ինչպես ասացինք, Հաջիեւը ներում չի խնդրել: Բայց ինչքա՜ն նման է «ազատության մեջ երկրին ավելի օգտակար լինելու» մասին նրա գրածը համակենտրոնացման ճամբարներից «հայր Ստալինին» հասցեագրված աղերսագրերին, երբ մարդիկ փորձում էին բռնակալին համոզել, որ ազատություն ստանալով անմնացորդ կծառայեն նրան եւ «կոմունիստական շինարարության վեհ գործին»:

Իշխանություններն, ըստ երեւույթին, քաղբանտարկյալներին «կոտրելու» եւ այս կարգի նամակներ կազմակերպելու միջոցով փորձում են Իլհամ Ալիեւի հանդեպ հանրային վստահության «առկայություն» ապահովել, ինչպես նաեւ միջազգային հանրության քննադատություններին «հակադարձել մեծահոգության» ցույցերով: Ճիշտ այդպես էր վարվում նաեւ բռնապետ Ստալինը. միլիոնավորներից ընտրում էր մեկին, արդարացնում, որպեսզի արդարադատության պատրանք ստեղծի:

Կատարյալ ստալինականությամբ է «բուրում» նաեւ հարեւան երկրի ԱԱ նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Վուգար Պադարովը, Սամիր Սանիեւը եւ Էլմար Նուրալիեւը «միասնաբար եւ առանձին-առանձին հրահանգավորված են եղել կատարելու տարբեր առաջադրանքներ` Ադրբեջանում իրականացնելու մի շարք ահաբեկչություններ, խմբավորման անդամները պետք է ապրիլի (սույն թվականի - Վ. Ա.) սկզբներին հանրապետության նախագահի հյուսիսարեւմտյան տարածաշրջան ուղեւորության ընթացքում իրականացնեին պետության ղեկավարի դեմ մահափորձ եւ միաժամանակ իրավապահ մարմինների վրա կատարեին զինված հարձակումներ` աշխատակիցներին սպանելու եւ զենք-զինամթերք հափշտակելու նպատակով, ծրագրված էր տարբեր կրոնի պատկանող տաճարներում, սրբավայրերում, որտեղ ակտիվորեն այցելում են քաղաքացիները, իրականացնել պայթյուններ»:

Հիշյալ անձինք ձերբակալվել են Ադրբեջանի տարբեր քաղաքներում մարտ-ապրիլ ամիսներին անցկացված հատուկ գործողությունների ժամանակ: Պաշտոնավարության ողջ ընթացքում առաջին անգամ է, որ Իլհամ Ալիեւը հրապարակային տեղեկատվություն է տարածում իր հանդեպ «մահափորձ կազմակերպելու» մասին: Այդ հնարքը մի քանի անգամ օգտագործել է Հեյդար Ալիեւը, երբ ծրագրել է քաղաքական հաշվեհարդար տեսնել մրցակիցների հանդեպ: Ադրբեջանական մամուլն արդեն ակնարկել է, որ ընդդիմությունը «կատարում է արտաքին ուժերի պատվերը»: Նախօրեին ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին «հրավիրվել է» Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն: Obyektiv.tv-ին տված հարցազրույցում Քերիմլին ասել է, որ շենքը, որտեղ ինքն է բնակվում` «շուրջօրյա վերահսկվում է քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որ, ամենայն հավանականությամբ, հատուկ ծառայությունների գործակալներ են, իսկ գիշերային ժամերին անհայտ անձինք ծեծում են բնակարանի դուռը»:

Իշխանությունների ստալինականությունը դրսեւորվում է նաեւ ընդդիմության գործիչների բնակության շենքերի մոտ «ամոթանքի ցույցերի» կազմակերպմամբ: Դա արվում է ոստիկանության աչքի առաջ, երբեմն էլ` «օրենքի պահապանների» մասնակցությամբ կամ հրահրմամբ: Այդպես խորհրդային «ազնիվ քաղաքացիներն էին անարգանքի սյունին գամում միջազգային իմպերիալիզմի գործակալներին»: Պետք է սպասել, որ մոտակա ժամանակաշրջանում ճաղերից այն կողմ կհայտնվեն Իլհամ Ալիեւի դեմ «մահափորձի կազմակերպիչները»: Բացառված չէ, որ ձերբակալություններ լինեն ընդդիմության կամ «Մտավորականների խորհրդաժողովի» անդամների շրջապատում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4