Հարավային Կովկասում ռազմական ու սպառազինությունների առումով հավասարակշռության, սահմանափակումների ապահովման վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը ավելի հաճախ պայմանավորվում է այս կամ այն երկրի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, մինչդեռ, միջազգային տարբեր գնահատականների համաձայն, գերսպառազինված ու սպառազինվելը շարունակող մեր տարածաշրջանը շատ առումներով ուղղակի վառոդի տակառ է:
Երբ Ադրբեջանն Իսրայելից 1.6 մլրդ դոլարի զենք ու զինամթերք ձեռք բերեց, Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակումների առումով ոչ մեկը վերաբերմունք չարտահայտեց:
Չնայած զենքը մատակարարվել ու կարող է գործադրվել հիմնականում Իրանի դեմ, սակայն ոչ մեկը չի երաշխավորի, որ ծանրուկշիռ անելու առումով մշտապես խնդիրներ ունեցող Ալիեւ կրտսերը այդ ամենը չի օգտագործի Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար: Բայց որ հարեւան երկրում հսկայածավալ զենք ու զինամթերք է կուտակվում` Եվրոպան էլ, Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրող Միացյալ Նահանգներն էլ ձայնազուրկ շահամոլի նման նախընտրում են չարձագանքել:
Ադրբեջանական մամուլը, հղում անելով իսրայելականին, տեղեկացնում է, որ 1.6 մլրդի ադրբեջանա-իսրայելական գործարքի պոչին նորն է ավելացել. իսրայելական «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը Ադրբեջանի հետ պայմանագիր է ստորագրել մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար: «Կողմերի բանակցությունները բավականին երկար են տեւել ու ավարտվել են հաջողությամբ: Խոսքը նշանակալի գործարքի մասին է, որ գերազանցում է մասնագետների կողմից մոտ 300 մլն դոլար գնահատվող նմանօրինակ պայմանագիրը Թուրքիայի հետ», ըստ ադրբեջանական աղբյուրների` նշում է իսրայելական մամուլը:
Իսրայել-Ադրբեջան այսպիսի խոշոր գործարքների կնքումը, հատկապես երբ նույն իսյարելական մամուլում համեմատության մեջ է դրվում Ադրբեջան-Թուրքիա ռազմական գործարքների հետ, կարող է որոշակի ուղղվածություն ունենալ, եթե հաշվի առնենք Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացումն ու փոխադարձ մեղադրանքները: Ավելին, Թուրքիայի` Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին ոչ միանշանակ վերաբերվելու հանգամանքը հնարավոր է առնվազն քննարկումների, եթե ոչ բացատրություններ ստանալու պահանջի տեղիք տալ ադրբեջանա-թուրքական շփումներում, մանավանդ երբ Իսրայելից նույն այս ռազմական գործարքների մասին տեղեկություններին զուգահեռ իսրայելական մամուլը տեղեկացնում է Իսրայելի արտգործնախարարի` Թուրքիային ուղղված հետաքրքրական ձեւակերպումների մասին:
Իսկ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, Գերմանիայի նախագահի հետ մայիսի 29-ի հանդիպմանը մեկնաբանելով իսրայելցի գեներալներին ուղղված թուրքական մեղադրանքները, հայտարարել է, թե եվրոպական երկրները պետք է «քաշեն կատաղած Թուրքիայի սանձերը»:
Թուրքիայի «սանձերը քաշելը» հաստատապես կվերաբերի նաեւ Ադրբեջանին, մինչդեռ Իսրայելի միջոցով ռազմական արդիականացման արագ տեմպեր ձեռք բերած Բաքուն նախընտրել է «իջնել ջրի հատակը»...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ