Ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ եւ սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը վերջերս հանդես էր եկել «Ո՞ւմ մահն է գուժում զանգը» հոդվածով: Այն ծայրեիծայր իշխող վարչախմբի քննադատություն է: Արձագանքը չի ուշացել: Իբրահիմբեկովին «հիմնավորապես» պատասխանել է կառավարող կուսակցության նախագահի, այսինքն` Իլհամ Ալիեւի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Ալի Ահմեդովը:
Խնդիրն այստեղ «երկու անիծյալների» բանավեճը չէ: Մեզ հետաքրքրեց այն, որ Ալի Ահմեդովն այսպիսի ընդհանրացում է արել. «Ռուստամ Իբրահիմբեկովի` անհիմն մեղադրանքներ պարունակող հոդվածը ենթակա է իրավապահ մարմինների կողմից քննության»: Իշխող կուսակցության երկրորդ դեմքն, այսպիսով, իրավապահ մարմիններին ուղղորդում է «քննելու Ռուստամ Իբրահիմբեկովի անհիմն մեղադրանքները»:
Սա, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւի քաղաքական պատվերն է, որ նա հնչեցրել է իր տեղակալի շուրթերով: Կարելի է, այսպիսով, արձանագրել, որ Ադրբեջանի իշխող վարչախումբն իրեն դուրս է դրել ոչ միայն քաղաքական, այլեւ ամեն տեսակի ընդդիմախոսության դաշտից եւ նպատակադրված լռեցնում է այլախոհության ամեն մի դրսեւորում:
Դատելով ադրբեջանական իրավապահների բնույթից, Ռուստամ Իբրահիմբեկովի դեմ քրգործի հարուցումը չի ուշանա: Նրան, ամենայն հավանականությամբ, կներկայացվի Իլհամ Ալիեւի անձը եւ արժանապատվությունը վիրավորելու մեղադրանք: