«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ... 3 000 ՄԱՆԱԹ

«Զարմանահրաշ» հարեւան երկիր ունենք: Այնտեղ ոչ միայն իշխանությունն է ընդդիմադիր թերթերին քարշ տալիս դատարան եւ տուգանում, այլեւ երգիչ-երգչուհիները` միմյանց: Բաքվի Նասիմիի շրջանային դատարանը ժողովրդական արտիստուհի Ֆլորա Քերիմովային պարտավորեցրել է 3 000 մանաթ վճարել «Ժողովրդական արտիստուհի Իլհամա Գուլիեւային` վերջինիս պատվին եւ արժանապատվությունը հասցված բարոյական վնասի դիմաց»:

Ընդ որում, Իլհամա Գուլիեւան Ֆլորա Քերիմովայի դեմ դատական հայց ներկայացրել է 2009-ին.: Առիթը մամուլի ասուլիսի ժամանակ Քերիմովայի կողմից Գուլիեւայի հասցեին արված «նա ի՞նչ երգչուհի է, որ մրցակից համարեմ» արտահայտությունն է: Քերիմովան, որ դատարանի որոշմանը տեղեկացվել է հեռակա, լրատվամիջոցներից մեկին հայտարարել է. «Թող Իլհաման զինվի համբերությամբ եւ սպասի, թե քանի տարում է ինձնից կորզելու այդ գումարը, ես ոչ մի տեղ չեմ աշխատում, թոշակառու եմ, ապրում եմ թոշակով»:

Երեք տարի տեւած դատական քաշքշուկն, ամենայն հավանականությամբ, ավարտվել է Գուլիեւայի օգտին, քանի որ նա... Ադրբեջանի «նորին գերազանցություն» բռնապետի անվանակիցն է: Եթե Իլհամը «սրբություն է», ինչպե՞ս կարող է ոչ սրբություն լինել Իլհաման: Իսկ Ֆլորան նույնիսկ «հայրենասիրական» անուն էլ չէ: Ուրի~շ բան է Իլհաման, որ թարգմանաբար «ոգեւորություն», «կիրք» է նշանակում: Այնպես որ, Իլհամի վերահսկողությամբ գործող «դատարանը» պետք է որ պաշտպաներ Իլհամայի պատիվն ու արժանապատվությունը: Բայց ինչո՞ւ այդքան էժան գնով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4