«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


«ԱՍՈՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՔՈՒՄ»

Եթե սա հիվանդագին երեւակայություն չէ, ապա պիտի համարվի ասորական ցեղասպանության ճանաչման թուրքական մտավախություն

2006-ին վերանորոգվել էր Տրապիզոնի Սումելա վանքը, իսկ 2007-ինՙ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին: 2010-ին այս վանքն ու եկեղեցին բացվեցին ժամերգության համար: Հետեւեց թուրք ազգայնամոլների վայնասունը, թե դրա նպատակը Տրապիզոնում Պոնտական կայսրության, իսկ Վանումՙ «Բագրատունյաց հայկական կայսրության» վերականգնումն է: Ընդ որում ե՛ւ Սումելա վանքը, ե՛ւ Աղթամարի Սուրբ Խաչը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության ենթակայության տակ թանգարանի կարգավիճակում էին, ժամերգության համար բացվում էին տարվա մեջ մեկ օր, այն էլՙ մի քանի ժամով միայն, Տրապիզոնում չկար գեթ մեկ պոնտացի հույն, Վանումՙ ոչ մի հայ:

Ավելին, վերանորոգման աշխատանքներում թուրքական կառավարության նպատակը ոչ վանքն էր, ոչ էլ եկեղեցին, այլ միջազգային հանրության ապակողմնորոշումն ու առ այսօր մարդասպանով հիացող թուրք հրոսակի հանդուրժողականության քարոզումը:

Պարզվում է, թուրք ազգայնամոլների «մտահոգությունը» չի սահմանափակվում Պոնտական եւ Բագրատունյաց կայսրություններով, գոնե Արծրունյացով մտահոգվեին: Սրանք հիմա էլ սկսել են ահազանգել, թե Թուրքիայի հարավ-արեւելքում, Անտիոքից մինչեւ Հաքքյարի վերականգնվում է Մեծ Ասորական Կայսրությունըՙ Մարդին կենտրոնով: Ահազանգի պատճառաբանությունը Միդիատում տեղակայված ասորական հոգեւոր կենտրոններից Մար Գաբրիել վանքի առգրավված կալվածքը սեփականատերերին վերադարձնելու ասորիների նախաձեռնությունն է:

Այս ահազանգը հնչեցրել է թուրք-իսլամականների քաղաքական կազմակերպությանՙ «Երջանկություն» կուսակցության կենտրոնական վարչության անդամ Դողան Բեքինը «Միլլեթ» թերթում, որը խոսափողի դեր է կատարում քաղաքական այս կազմակերպության համար: Նախքան ազգայնամոլներից ոչնչով չտարբերվող թուրք-իսլամական Բեքինի «Միլլեթ» թերթում գրածներին անդրադառնալը, նշենք, որ Թուրքիայում ասորիների հոգեւոր կենտրոնը, այսինքն պատրիարքարանը, ոչ թե Միդիատում էր, այլ Անտիոքում: 1930-ին քեմալական իշխանությունները դադարեցրել են պատրիարքարանի գործունեությունը, արտաքսելով երկրից պատրիարքին, որից հետո ասորական ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը տեղափոխվել է Դամասկոս:

Ի դեպ, այն տարածքում, որի վրա պիտի ստեղծվի Նոր Ասորական Կայսրություն, ասորիներն ապրում են միայն Միդիատում շուրջ 3000, մեկ էլ 200 ընտանիք Մարդինում: Ասորիների ընդհանուր թիվը ամբողջ Թուրքիայում 15 հազար է: 1915-ին թուրք հրոսակը ցեղասպանության է ենթարկել նաեւ նրանց, սպանելով շուրջ մեկ միլիոն ասորիների, նաեւ Ուրմիայի շրջանում, այսինքն զոհերին հետապնդել է օսմանյան Թուրքիայի սահմաններից դուրս:

Գալով Բեքինին, ահա թե ինչ է գրել այդ ստահակը «Միլլեթ» թերթի մայիսի 23-ի համարում. «Նեստորականներն ու ասորիները եռանդուն աշխատանքներ են ծավալում, որ Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններից մինչեւ Մոսուլ ձգվող տարածքում վերակենդանացնեն Մեծ ասորական պետությունը: Օսմանյան շրջանում 28 մլն քառ. կմ կազմող մեր երկրի մակերեսը կրճատվել է 875 հազ. քառ. կմ-ի, որը ընդունված վերջին օրենքով (ազգային փոքրամասնություններից առգրավված կալվածքները վերադարձնելու) սպառնալիքի տակ է հայտնվել: Այս անգամ, սակայն, խլելու են ոչ թե զենքի ուժով, այլ հողատարածք գնելով: Մեծ Իսրայել ստեղծելու թաքուն ջանքերի մասին բոլորը գիտեն, սակայն կա մեկ այլ գործոն, որը զորացնելու է այդ ջանքերը: Դա Թուրքիայի հարավ-արեւելքում Մեծ ասորական պետություն կերտելու համար հողատարածքի գնումներն են, որոնք կհանգեցնեն տարածքի տերերի փոփոխմանը»:

Բեքինի խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում: Եթե հիվանդ երեւակայություն չունի, ապա ինքն էլ չի հավատա իր գրածներին: Խնդիրը, սակայն, սրա նմանների երեւակայությունը չէ, այլ հանցագործի հոգեբանությունը:

Թուրքական ժողովրդական զանգվածները Օսմանյան կայսրությունում պետականորեն կազմակերպված Հայոց ցեղասպանությանը մասնակցելուց զատ եռանդուն մասնակցություն են ցուցաբերել ասորիների ցեղասպանությանը: Այսինքն Թուրքիայում ոչ իշխանությունները, ոչ էլ ժողովուրդը իրազեկման խնդիր չունեն նաեւ ասորիների ցեղասպանության հարցում: Պարզապես ասորիների ցեղասպանությունը եւս աստիճանաբար մտնում է միջազգային օրակարգ: Իսկ դա Թուրքիայի տեսանկյունից ենթադրում է նոր ժխտողականություն: Այլ կերպ Բեքիմի նմանները իրենց ելույթներով նախադրյալներ են ստեղծում, որ ժխտողականությունը ասորիների ցեղասպանության հարցում եւս դառնա Թուրքիայի պաշտոնական թեզը, որ ամրապնդվի թուրքական ժխտողականությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4