Նախապես արված մեր հայտարարությամբ, տպագրված «Ազգ» օրաթերթի սույն թվականի ապրիլի 26-ի համարում, տեղեկացրել էինք, որ ՌԱԿ (Հայաստան) հիմնադիր-պատգամավորական համագումարը տեղի կունենա 2012 թ. հունիսի 3-ին, ժամը 13.00-ին, Թեքեյան կենտրոնի (Խանջյան 50) մեծ սրահում:
Ստորեւ ներկայացնում ենք ՌԱԿ (Հայաստան) ծրագրի եւ կանոնադրության նախագծերի հիմնական դրույթները
Ծրագրային
- Ապահովել եւ պահպանել ՀՀ անկախությունն ու ինքիշխանությունըՙ որպես հայ ժողովրդի ազատ եւ բարգավաճ գոյատեւման երաշխիք:
- Հետապնդել Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչպես նաեւ տարածքային եւ գույքային իրավունքները:
- Սատարել Արցախի Հանրապետությանըՙ որպես ազգերի ազատ ինքնորոշման իրավունքով ստեղծված անկախ պետականության:
- Կառուցել ռամկավարության ու ազատականության սկզբունքները դավանող իրավական պետություն, որտեղ ժողովրդի կամքը, որպես գերագույն օրենք, ամրագրված է սահմանադրությամբ:
- Ամրապնդել Հայաստան-Սփյուռք փոխադարձ, բազմակողմանի կապերՙ միասնաբար կենսագործելու համար հայ ժողովրդի հավաքական շահերն ու իղձերը:
Կանոնադրական
1. ՌԱԿ (Հայաստան) կառույցները
- Ակումբներ, ակումբների վարչություններ, ակումբների անդամական ժողովներ
- Շրջանակներ, շրջանակների վարչություններ, շրջանակների պատգամավորական ժողովներ
- Դիվան
- Հանրապետական վարչություն
- Կարգապահական ատյան
- Հանրապետական պատգամավորական ժողով
2. Կուսակցության կառույցները ինքնավար են սույն կանոնադրությամբ տրված իրավասությունների սահմաններում: Կառույցների որոշումները, եթե դրանք չեն համապատասխանում կուսակցության ծրագրին եւ կանոնադրությանը, վերանայվում են վերադաս մարմիններում:
3. Կուսակցության կառույցների ժողովներն ու նիստերը իրավազոր են, եթե դրանց ներկա են տվյալ կազմի ամբողջական թվի առնվազն երկու երրորդը, իսկ որոշումները ընդունվում են ներկաների մեծամասնության կողմ քվեներով (բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի):
4. Վարչական մարմինները ընտրվում են փակ, գաղտնի քվեարկությամբ եւ եւ տվյալ կառույցի անդամների ամբողջական թվի կեսից ավելիի կողմ քվեներով: Անդամները վերընտրելի են, եթե դրա համար օրինական արգելքներ չկան:
5. Կառույցները կազմում են իրենց ժողովների, նիստերի, որոշումների եւ հարաբերությունների վավերացված արձանագրությունները:
6. Կուսակցության կառույցներում հաստիքով աշխատող եւ վճարվող անձիք չեն կարող լինել կուսակցական ընտրովի ղեկավար մարմնում: