«Ավելին իրագործելու ազատության» բաղադրիչներից մեկը
«Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եւ մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրին բանկի նոր ծրագրերը:
Տիգրան Ջրբաշյանը նախ նշեց, որ «Ամերիաբանկն» անցյալ տարի վարկային պորտֆելի կրկնակի աճ է ունեցել, եւ այս տարի եւս նման աճ է ակնկալվում: Այնուհետեւ բանկի զարգացման տնօրենը խոսեց նոր նախագծի մասին, որը կոչվում է «Ավելին իրագործելու ազատություն», ինչը նշանակում է, որ բանկի հաճախորդներին ավելին իրագործելու հնարավորություն է տրվում: Այդ նախագծի բաղադրիչներից է «Կատարյալ» ավանդը, որի մանրամասները ներկայացրեց Արման Բարսեղյանը:
Մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրենը նույնպես նախ անդրադարձավ բանկի արձանագրած ցուցանիշներին, տեղեկացնելով, որ մանրամածախ ծառայությունների ոլորտում դեպոզիտների գծով այս տարվա առաջին եռամսյակում բանկն ունեցել է 27 տոկոս, իսկ վարկերի մասովՙ 54 տոկոս աճ: Ըստ Արման Բարսեղյանիՙ «Ավելին իրագործելու ազատություն» նախագծի «Կատարյալ» ավանդն ունի 4 առավելություններ:
Առաջին առավելությունն այն է, որ յուրաքանչյուր ամսվա համար ավանդը 1 օր ավելի է հաշվարկվելու, ինչը նշանակում է, որ տարեկան տոկոսագումարները հաշվարկվելու են լրացուցիչ 12 օրվա համար: Երկրորդ առավելությունըՙ որ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկոսների գումարները կարող է ստանալ ինչպես ավանդի ժամկետի սկզբում, այնպես էլ վերջում: Երրորդ առավելությունը ավանդների 100 տոկոսով ապահովագրումն է «Ռոսգոսստրախ» ընկերության կողմից: Չորրորդ առավելությունն այն է, որ բանկի ավանադատուն կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից եւ իր ավանդի գործողության ժամկետին առավելագույնը 2 ամիս մնալու դեպքում կարող է երկարացնել, բայց արդեն «Կատարյալ» ավանդի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրած տոկոսագումարները: Բացի սրանցից, «Ամերիաբանկը» «Կատարյալ» ավանդ ներդնողներին առաջարկում է վճարային քարտ` առանց 2 տարվա սպասարկման գումարը վճարելու:
«Ի՞նչ արժույթով եւ տոկոսներով է տրվելու «Կատարյալ» ավանդը» հարցին Տիգրան Ջրբաշյանը պատասխանեց, որ ավանդը տրվելու է դրամով, դոլարով եւ եվրոյով: Ավանդի տոկոսադրույքները տարբեր են կախված նրանից, թե ժամկետի սկզբում են դրանք տրվելու, թե վերջում: Ժամկետի վերջում ավանդի տոկոսը վճարելու դեպքում կլինի 11,9 տոկոս դրամի համար, 7,5 տոկոսի դոլարի եւ 6,7 տոկոս եվրոյի համար: ժամկետի սկզբում վերցնելու դեպքում` 10,5 տոկոս դրամի համար, 7 տոկոս դոլարի եւ 6,2 տոկոս եվրոյի համար: Տիգրան Ջրբաշյանի հավաստիացմամբ, պլանավորել են, որ աշնանը «Ամերիաբանկն» ունենա ավանդների 15-20 տոկոս աճ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նկար 1. «Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եւ մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը