Կարտելների դեմ պայքարի լիտվական, գերմանական փորձն ու առաջարկները Հայաստանին
Հակամրցակցային համաձայնությունները ու դրանց դեմ պայքարի լիտվական եւ գերմանական փորձը` սա էր Եվրոմիության «Թվինինգ» ծրագրի աջակցությամբ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` լրագրողների համար մայիսի 26-ին հրավիրված սեմինարի հիմնական թեման: Լիտվացի փորձագետ Շարունաս Պայարսկասը եւ գերմանացի փորձագետ Ֆաբիան Պապեն սեմինարի ժամանակ ներկայացրին իրենց երկրներում հակամրցակցային համաձայնությունների առանձին դեպքեր եւ դրանց վերաբերյալ իրենց երկրների մրցակցության պաշտպանության մարմիների գործողություները:
Շարունաս Պայարսկասը կարեւոր է համարում, թե մարդիկ ինչպես են հասկանում մրցակցության պաշտպանության մարմնի դերը: Նրա խոսքերով, օրինակ, Լիտվայում շատերը մտածում են, որ այդ մարմինը պետք է կարգավորի գները: Իսկ եթե տեսնում են, որ դա չի անում, ապա սկսում են թերահավատորեն վերաբերվել նրա գործունեությանը: Հաջորդ կարեւոր հարցն այն է, որ այդ մարմնի մշտական դիտարկման տակ գտնվող ընկերությունները հասկանան, որ մրցակային գործունեությունը օգտակար է իրենց համար, քան կարտելների մեջ մտնելը, այսինքնՙ հակամրցակցային համաձայնություններ կայացնելը: Լիտվացի փորձագետի կարծիքով, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջ է շարժվում եւ ներկայացնում է հասարակությանը կատարվածը, որ վերջին 1-2 տարում շատ ավելին է, քան նախորդ տարիներին: Դա վերաբերում է բացված վարույթների, տուգանված ընկերությունների եւ տուգանքների չափերին: Շարունաս Պայարսկասը գտնում է, որ Լիտվայում բազմաթիվ գործեր կան, երբ ընկերությունները պայմանավորվում են, թե պետական այս կամ այն մրցույթը ով պետք է շահի: Այդ կարտելայյին համաձայնությունները բացահայտելը կամ կանխելը հեշտ չէ, բայց Լիտվայի մրցակցության պաշտպանության մարմինը ունի հանկարծակի ստուգումներ անցկացնելու լիազորություններ: Նման լիազորություն Հայաստանի հանձնաժողովը չունի: Լիտվացի փորձագետի հավաստմամբՙ հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերման ոչ մի որոշում, որը բողոքարկվել է հետագայում դատական կարգով, մրցակցության պաշտպանության մարմինն իր երկրում տանուլ չի տվել:
Գերմանացի փորձագետ Ֆաբիան Պապեն ներկայացրեց հակամրցակցային համաձայնության տարրեր պարունակող մի քանի դեպքեր իր երկրից, միաժամանակ նշելով, որ Գերմանիայի մրցակցության պաշտպանության մարմինը, եղել է, որոշ գործերում պարտվել է դատարանում:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նույնպես հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ ընկերությունները դատական կարգով բողոքարկել են իրենց որոշումները: Նա որպես օրինակ նշեց Լուսակերտի թչնաֆաբրիկային հակամրցակցային համաձայնության համար 100 մլն դրամ տուգանելու որոշումը եւ հայտնեց, որ այդ առնչությամբ դատարանը նախօրեին հանձնաժողովի որոշումը արդարացի է համարել: Արտակ Շաբոյանը ասաց նաեւ, որ դատական ողջ գործընթացում Լուսակերտի թռչնաֆաբրիկայից անհարկի քայլեր էին կատարում դատական նիստը ձգձգելու համար, բայց հանձնաժողովը չգնաց կտրուկ քայլերի եւ կալանք չդրեց ընկերության հաշիվների վրա: Նա միաժամանակ զգուշացրեց, որ հետագայում տնտեսվարողների նման գործելաոճի դեպքում հանձնաժողովն ավելի խիստ միջոցների կդիմի:
Արտակ Շաբոյանը նույնպես կարեւորեց հանձնաժողովին հակամրցակցային համաձայնությունների համար հանկարծակի ստուգումների լիազորություններ տալու անհրաժեշտությունը: Նա հիշեցրեց, որ նման փոփոխություն օրենքի նախագծում նախկինում ներկայացվել է, բայց չի անցել Ազգային Ժողովում: Առաջիկայում նման իրավունք հանձնաժողովին տալու վերաբերյալ նոր առաջարկ է ներկայացվելու:
Փաստենք, որ հակամրցակցային համաձայնությունները բացահայտելն իսկապես բարդ խնդիր է, ինչի վկայությունն էր պանրի գների համաժամանակյա բարձրացման փաստը, որի ժամանակ հանձնաժողովն այդպես էլ չկարողացավ հաստատել հակամրցակցային համաձայնության առկայությունը: Չնայած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի» 5-րդ հոդվածում հստակ նշված էր, որ երբ շուկայում երկու եւ ավելի տնտեսվարողներ միաժամանակ բարձրացնում կամ իջեցնում են ապրանքների գները, դա համարվում է հակամրցակցային համաձայնություն: Դժվար է ասել, եթե հանձնաժողովն այդ պահին ունենար հանկարծակի ստուգումներ անցկացնելու լիազորություն, կհայտնաբերե՞ր հակամրցակցային համաձայնությունը, բայց հիմա գուցե արդեն անհրաժեշտ են նման լիազորությունները հանձնաժողովին: Թեեւ հակամրցակցային համաձայնության հանգող ընկերությունները, իմանալով դրա պատժի մասին, դժվար թե իրենց գրասենյակներից պայմանավորվեն այդ մասին, բայց հանկարծակի ստուգման լիազորությունները հանձնաժողովին գոնե անուղղակի վկայություններ ստանալու հնարավորություն կտա:
Մեր այն հարցին, թե հակամրցակցային համաձայնություններ կայացնողները հնարամիտ են, դրանք բացահայտելը շատ դժվար չի՞ լինի, լիտվացի փորձագետ Շարունաս Պայարսկասը պատասխանեց, որ ճիշտ է, նրանք հնարամիտ են, բայց մարդիկ են եւ սխալներ են թույլ տալիս, որոնք էլ կօգնեն մրցակցային մարմնինՙ բացահայտելու խախտումը: Լիտվացի փորձագետը հավանաբար այնքան էլ լավ ծանոթ չէր օրենքներ շրջանցելու հայկական հնարամտությանը, որին այս դեպքում կավելանա հավելյալ զգուշավորությունը: Այդուհանդերձ, ավելի լավ է հանձնաժողովին ստուգումներ անցկացնելու հնարավորություն ընձեռնել եւ արդյունք պահանջել, քան թե պարբերաբար լսել նրա նախագահի եւ մյուս ներկայացուցիչների կրկնվող արդարացումները, թե իրենք դժվարանում են բացահայտել հակամրցակցային համաձայնությունները, քանի որ հանկարծակի ստուգումներ կատարելու իրավունք չունեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ